Մարտի 1-ի գործով առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանն այսօր առավոտյան դուրս է գրվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից: Այդ մասին մեր զրույցում հայտնեց ԲԿ գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը:
Բժշկի փոխանցմամբ՝ երեկ երեկոյան ստացվել են նոր հետազոտության պատասխանները. Քոչարյանի մոտ ամեն ինչ նորմալ է եղել, նա իրեն լավ է զգացել:
Հիշեցնենք, որ Քոչարյանը «Երեւան Կենտրոն» ՔԿՀ-ից հիվանդանոց էր տեղափոխվել դեկտեմբերի 11-ին: Նրա մամուլի խոսնակը խոստացել էր ճշտել եւ տեղեկացնել՝ Քոչարյանը նոր վիրահատությա՞ն է ենթարկվել, թե՞ ուղղակի հետազոտվում է:
«Ես վստահ չեմ, որ նոր վիրահատություն է եղել, պետք է տեղեկանամ։ Ենթադրում եմ, որ եղել է, բայց պետք է լրացուցիչ ճշտեմ։ Լրացուցիչ կտեղեկացնենք, թե ինչ է եղել»,- լրագրողների հետ զրույցում ասել էր Վիկտոր Սողոմոնյանը: Ավելի ուշ, սակայն, նա չէր պատասխանում զանգերի:
Վիրահատության վերաբերյալ մեր հարցին ի պատասխան էլ՝ Չարչյանը երեկ պատասխանեց.
«Քանի որ անձնական տվյալ է, պարոն Քոչարյանը կատեգորիկ արգելել է իր անձնական տվյալներն ասել»:
Քոչարյանը վիրահատվել էր հոկտեմբերի 9-ին։ Ավելի ուշ նրա որդին՝ Լեւոն Քոչարյանը, լրագրողների հետ զրույցում ասել էր, որ հոր մոտ ուռուցք է հայտնաբերվել: Լեւոն Քոչարյանի խոսքով՝ ուռուցքը բարորակ է եղել: