00:00:00

Նեթանյահուն ասել է, որ մտադիր է Պոմպեոյի հետ Լիսաբոնում քննարկել Իրանի ու բնակավայրերի անեքսիայի հարցը

23:05, 04 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն տեղեկացրել է, որ մտադիր է Լիսաբոնում ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հետ կայանալիք հանդիպմանը քննարկել իրանական սպառնալիքը, Հորդանանի հովտի անեքսիայի պլանները եւ Միացյալ Նահանգների հետ համատեղ պաշտպանության պայմանագիրը։ Վարչապետը համապատասխան հայտարարությունն արել է չորեքշաբթի, Պորտուգալիայի մայրաքաղաք թռչելուց առաջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ «Խոսակցությունը Պոմպեոյի հետ նվիրված է լինելու Իրանին եւ երկու այլ հարցերի՝ Միացյալ Նահանգների հետ փոխադարձ պաշտպանության պայմանագրին, որը ես մտադիր եմ առաջ մղել, ինչպես նաեւ ամերիկացիների կողմից Հորդանան գետի հովտի վրա Իսրայելի ինքնիշխանության տարածման ապագա ճանաչմանը»,- Նեթանյահուի ասածը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը։ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հսկայական ճնշում է գործադրում Իրանի վրա պատժամիջոցներով։ Կարեւոր է ուժեղացնել այդ ճնշումը՝ ուղղված Իրանի ագրեսիայի դեմ»,- ավելացրել է Իսրայելի վարչապետը։ The Times of Israel թերթի տվյալներով՝ Նեթանյահուն Լիսաբոնում կլինի դեկտեմբերի 3-4-ին, այդ օրերին այնտեղ կլինի նաեւ Պոմպեոն, որը կժամանի Մարոկոյից։ Իսրայելի վարչապետը ծրագրել է այցի ընթացքում հանդիպել Պորտուգալիայի վարչապետ Անտոնիու Կոշտայի եւ երկրի ԱԳՆ ղեկավար Աուգուշտու Սանտուշ Սիլվայի հետ, ինչպես նաեւ աշխատանքային ընթրիք ունենալ ԱՄՆ պետքարտուղարի հետ, նշում է պարբերականը։ Հորդանան գետի արեւմտյան ափի հրեական բնակավայրերի հանդեպ իսրայելական ինքնիշխանության տարածման պլանները Նեթանյահուն քննարկել է Թրամփի հետ դեկտեմբերի 1-ի հեռախոսազրույցում։ Դեկտեմբերի 2-ին վարչապետը տեղեկացրել է Իսրայելի կառավարության ամենշաբաթյա նիստում, որ խոսքը վերաբերել է «առաջիկա ամիսներին պատմական հնարավորություններին, ներառյալ Հորդանանի հովիտը՝ որպես Իսրայելի ճանաչված արեւելյան սահման»։ Պոմպեոն նոյեմբերի 18-ին ասել էր, որ Վաշինգտոնը այլեւս չի կարծում, թե հրեական բնակավայրերը Հորդանան գետի Արեւմտյան ափին խախտում են միջազգային իրավունքը։ Հաջորդ օրը Նեթանյահուն հավանություն տվեց օրինագծին, որը խորհրդարանի հաստատումից հետո իսրայելական ինքնիշխանությունը կտարածի Հորդանան գետի Արեւմտյան ափի մի մասին վրա, Հորդանանի հովտի շրջանում եւ Մեռյալ ծովի հյուսիսային վերջավորությունում։ Ի պատասխան Պոմպեոյի հայտարարության՝ պաղեստինյան կողմը հայտարարեց, որ ԱՄՆ վարչակազմը լիազորված չէ չեղարկելու միջազգային բանաձեւերը, որոնք վերաբերում են բնակավայրերին։ 2016 թվականի դեկտեմբերին ՄԱԿ ԱԽ-ը ընդունել է 2334 բանաձեւը՝ պահանջելով դադարեցնել իսրայելական բնակեցման գործունեությունը զավթված տարածքներում, Իսրայելն այն ժամանակ էլ հայտարարեց, որ չի կատարի այդ փաստաթղթի դրույթները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր