Ազգային ժողովում այսօր ելույթով հանդես եկավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Անկեղծ ասած՝ զզվելի է, ուղղակի նողկալի է, որպես 12 տարվա պատգամավոր՝ երբևէ խորհրդարանն այսքան ցածրակարգ ու էժանագին բանավեճերի հարթակ չի եղել:
Անհարմար է, հասկանում եմ, որ մանիպուլյացիան ձեր հիմնական գործիքն է՝ հիմնական խնդիրներից շեղելու համար՝ այս թուղթը այնպես, այն թուղթը այնպես, նախ Դուք իրավունք չունեք, տիկին Դավոյան, վիրավորելու պարոն Ծառուկյանին, և որևէ մեկը իրավունք չունի ոչ մեկին վիրավորելու, եթե չեք հասկացել իր հարցազրույցը, պրոբլեմը Ձեր մեջ փնտրեք»,- Նաիրա Զոհրաբյանը, ապա շարունակեց. «Ձեր սիրելի քաղաքապետը իր նախընտրական խոստումներից որևէ մեկը չի կատարել ուղղակիորեն մերժել է, չի հասկացել և չի հասկանում, ունակությունները բավարար չեն, իր տեղը թատրոնն է, Ազիզյաններն են, Գառնիկն է, հիմա ի՞նչ անենք, այդ մարդը չի կարողանում այնպես աշխատել, որ հնարավոր ներդրումները գան Հայաստան, սրա մասին է խոսել պարոն Ծառուկյանը»:
Նաիրա Զոհրաբյանը նաև նշեց, որ չի կարելի անընդհատ շեշտել, որ «Բարգավաճ Հայաստանը» նախկինում կոալիցիա է կազմել նախկին իշխանությունների հետ, ապա «Իմ քայլը»-ականներին հիշեցրեց. «Եթե չլիներ «Բարգավաճ Հայաստանը», ապա գոնե այս խորհրդարանում իրավական ճանապարհով վարչապետ չէր ընտրվի, և հայտնի չէ, թե դուք որտեղ կլինեիք»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը: