«Կանանց դերը խաղաղության հաստատման հարցում. հնարավորություններ և մարտահրավերներ» վերտառությամբ համաժողովին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը անդրադարձավ Արցախյան հակամարտությանը և նշեց, որ իրենք խոսում են խաղաղությունից, ինչը, սակայն, արժանանում է Ադրբեջանի նախագահի տիկնոջ՝ Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի ագրեսիվ արձագանքին:
Մասնավորապես, վերջերս Ալիևան խոսել է իր երազանքի մասին, ու այդ երազանքը, ինչպես հայտնի է՝ Արցախում մուղամ լսելն է: «Մի քանի օր առաջ Մեհրիբան Ալիևան ստատուս էր գրել, որ իրենց բոլորի երազանքն է՝ մուղամ լսել Ղարաբաղում: Ես մոտավորապես գիտեմ, թե նա ինչ կոնտեքստով է դա գրել: Ես հիմա Մեհրիբան Ալիևային ուզում եմ հրավիրել Ղարաբաղ, և նա կարող է լինել մեր հյուրը: Հայ ժողովուրդը, արցախցիները գիտեն՝ ինչպես ընդունել, հարգել հյուրին: Մեր ընդունված կանոններից է նաև հյուրին պատվել իր երաժշտությամբ, մենք կարող ենք ապահովել մուղամը:
Կարող ենք իրականացնել նրա երազանքը, և նա լինի մեր հյուրը, Ստեփանակերտում լսի իր սիրելի մուղամը: Սա, իսկապես, հրավեր է, և եթե նա ընդունի այս հրավերը, պատրաստ եմ նաև ինքս լինել Բաքվում և հյուրընկալվել իրենց կողմից: Բայց եթե Մեհրիբան Ալիևան նկատի ունի, որ իրենց երազանքն այն է, որ գան Ղարաբաղ և մուղամ լսեն պատերազմի միջոցով, վստահեցնում եմ՝ այդ երազանքն անկատար կմնա: Եվ եթե նոր պատերազմ սկսեն, հավանաբար նորանոր բնակավայրեր կհայտնվեն, որտեղ նրանց համար մուղամ լսելը կդառնա անկատար երազանք»,-նշեց նա: