ԱԺ ԲՀԿ խմբակցությունը դեմ է քվեարկելու Սահմանադրական դատարանի անդամների վաղաժամ կենսաթոշակի անցնելու օրենքի նախագծին: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Նա նշեց, որ նախագիծն աբսուրդ է: «Մարդուն փաստացի չեն կարողանում մեղադրել իր կատարած գործի, անարդարության, լճացման համար, այլ առաջարկում են գումար վճարել չկատարած աշխատանքի համար: Ինչի՞ համար են խրախուսում, որ համաձայնի, գնա տանը նստի և թոշակներն ու գումարները ստանա՞: Դա անընդունելի է մեզ համար»,- ասաց Ծառուկյանը՝ ընդգծելով, որ եթե դատավորը հանցանք է կատարել, չի համապատասխանում, պետք է ազատել աշխատանքից, ոչ թե նման առաջարկ անել:
Դիտարկմանը, թե նախագծի հեղինակները նշում են, որ ՍԴ-ում ճգնաժամ կա, և այս նախագծով լուծում են այդ ճգնաժամը, Գագիկ Ծառուկյանն արձագանքեց. «Թող մեզ ցույց տան, որ ինչ-որ ճգնաժամ կա, լճացում կա, բայց այդպիսի որևէ բան չկա: Մենք չգիտենք՝ խնդիրը որն է: Առանց աշխատելու, առանց որևէ գործ կատարելու, դա ի՞նչ է»:
Հիշեցնենք, որ ներկայացված նախագծով առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորների բացառապես կամավոր սկզբունքով վաղ կենսաթոշակի անցնելու կառուցակարգ՝ սոցիալական բոլոր երաշխիքների պահպանմամբ:
Մասնավորապես, առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի կողմից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում, նրա լիազորությունները դադարելուց հետո, մինչև իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նրան հատկացնել կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով: