00:00:00

ՀՀ և Հորդանանի ԱԳ նախարարներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերի

21:05, 02 դեկտեմբեր 2019

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանըդեկտեմբերի 2-ին հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող  Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Սաֆադիին: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով նախարար Սաֆադիին Հայաստան կատարած առաջին այցելության առիթով՝ Զոհրաբ Մնացականյանը գոհունակությամբ նշել է. «Ողջունում եմ Ձեզ Հայաստանում և ուրախ եմ այս հնարավորության համար: Հորդանանի հետ հարաբերությունները մեզ համար կարևոր են թե՛ քաղաքական, թե՛ առևտրատնտեսական առումներով: Ձեր երկիրը  գրկաբաց է եղել մեր հայրենակիցների նկատմամբ, և մեզ միավորում է կողք կողքի ապրելու պատմությունը, պետական մակարդակով միասին աշխատելու փորձառությունը: Մենք ունենք շատ խոստումնալից օրակարգ, և հավատացած եմ, որ առաջ կգնանք այն առավել ընդլայնելու ուղիով»: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը վստահություն է հայտնել, որ Հորդանանի ԱԳ նախարարի այս այցով նոր էջ կբացվի հայ-հորդանանյան բարեկամական հարաբերությունների պատմության մեջ: Այս համատեքստում առանձնահատուկ ընդգծվել է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների անցկացման և տարբեր մակարդակներով փոխշփումների և երկխոսության ակտիվացման անհրաժեշտությունը: Համագործակցության հեռանկարների համատեքստում ընդգծվել է առևտրատնտեսական, գիտակրթական, ստեղծագործ կրթության, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում գործնական քայլերի ձեռնարկումը, անմիջական դերակատարների ներգրավմամբ համար համապատասխան հարթակների ձևավորումը: Երկուստեք բարձր է գնահատվել Հորդանանի հասարակական-քաղաքական կյանքում մեծ ակտիվությամբ աչքի ընկնող և երկու երկրների միջև կապող օղակ հանդիսացող հայ համայնքի դերակատարությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր