04.10.2019թ. www.hetq.am կայքում հրապարակվել է «34 միլիոն դրամի գնումներ
Գեղարքունիքի մարզպետարանի վարչության պետի եղբոր ՍՊԸ-ից» վերտառությամբ
հոդվածը, որն իրականացված ԶԼՄ-ների մոնիթորինգի արդյունքում ՀՀ գլխավոր
դատախազությունից ուղարկվել էր ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազություն:
Մարզի դատախազության հանձնարարությամբ հրապարակման մեջ նշված հանգամանքները
քրեադատավարական կարգով ստուգելու նպատակով ՀՀ ոստիկանության Գավառի
բաժնում նախապատրաստվել են նյութեր:
Ձեռք բերված տվյալներով հաստատված է համարվել, որ յուրաքանչյուր տարի
պետության կողմից ուսումնական գործընթացը կազմակերպելու համար կրթօջախներին
գումար է հատկացվել, որով դպրոցների տնօրինությունը ձեռք է բերել
դասավարման մատյաններ, օրագրեր, գրենական պիտույքներ, անհրաժեշտ այլ
պարագաներ։
Այդ նպատակով Գավառի տարածաշրջանի մի շարք դպրոցներ 2017-2019թթ. պետության
կարիքների համար մեկ անձից գնումների ընթացակարգի պահպանմամբ ապրանքի
մատակարարման պայմանագրեր են կնքել «Բայազետ-96» ՍՊԸ-ի հետ, որի խանութ
սրահից էլ, բանկային փոխանցումների միջոցով կատարված վճարմամբ, ձեռք են
բերել դպրոցական պարագաները: Միաժամանակ պարզվել է, որ «Բայազետ-96» ՍՊԸ-ն
պատկանում է Գեղարքունիքի մարզպետարանի կրթության և գիտության վարչության
պետի եղբորը, իսկ ընկերությունը ապրանքներ է մատակարարել նաև Գավառի թիվ 1
հատուկ դպրոցին, որի տնօրենը հանդիսանում է նրանց քույրը:
Ըստ նախապատրաստված նյութերի՝ ընկերությունը մրցութային ընթացակարգով
Գավառի թիվ 1 հատուկ դպրոց ՊՈԱԿ-ին, գրենական պիտույքներից բացի,
մատակարարել է նաև տնտեսական ապրանքներ և սննդամթերք՝ պայմանագրով
նախատեսված տեխնիկական-բնութագրին, գնման ժամանակացույցին և ծավալներին
համապատասխան:
Ելնելով դրանից՝ հետաքննության մարմինը եզրակացրել է, որ նյութերի
նախապատրաստմամբ ձեռք չեն բերվել տվյալներ առ այն, որ ընկերության և
մարզպետարանի ենթակայության ներքո գտնվող մի շարք դպրոցների միջև
պայմանագրերի կնքման գործընթացում ընկերության տնօրենի և Գեղարքունիքի
մարզպետարանի կրթության և գիտության վարչության պետի եղբայրներ լինելու
հանգամանքը որևէ ազդեցություն է ունեցել և գնումների գործընթացում
չարաշահումներ են եղել: Արդյունքում կայացվել է հանցադեպի բացակայության
հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում:
Սակայն Գեղարքունիքի մարզի դատախազությունում նախապատրաստված նյութերի
ուսումնասիրման և կայացված վերոնշյալ դատավարական որոշման օրինականության
ստուգման արդյունքում դատախազը հանգել է եզրակացության, որ նախ՝
հետաքննության մարմնի տրամադրության տակ չեն եղել նման եզրահանգման գալու
համար բավարար փաստական տվյալներ: Բացի այդ, նկատի ունենալով հատկապես, որ
գրենական պիտույքներից բացի, ի տարբերություն այլ դպրոցների, սննդամթերք,
տնտեսական այլ ապրանքներ մատակարարելու պայմանագրեր են կնքվել փոխկապակցված
անձանց կողմից ղեկավարվող այս դպրոցի և նման ուղղվածություն չունեցող ՍՊԸ-ի
միջև, նյութերի նախապատրաստման սահմանափակ դատավարական ժամկետների
պատճառով բավարար ստուգման չի ենթարկվել գնման գործընթացում օրենսդրական
պահանջների պատշաճ կատարման հանգամանքները:
Ելնելով դրանից՝ դատախազը գտել է, որ իրականացված գնման գործընթացների
օրինականությունը, մատակարարման գործըթնացի կազմակերպման վրա դպրոցի և
մատակարար ընկերության ղեկավարների փոխկապակցված լինելու հանգամանքների
ազդեցությունը հնարավոր է պարզել և առկա կասկածները փարատել միայն
բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության միջոցով՝ հարուցված քրեական գործի
շրջանակներում առավել լայն քննչական, դատավարական և օպերատիվ-հետախուզական
միջոցառումների գործիքակազմի կիրառման պայմաններում, դատախազը վերացրել է
քրեական գործի հարուցումը մերժելու մասին հետաքննիչի որոշումը և ՀՀ քրեական
օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության
հատկանիշներով հարուցել քրեական գործ:
Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական
վարչությանը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է
անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական
դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ
մտած դատավճռով: