ԱԺ-ի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, որը մանդատը ձեռքը վերցնելուց անմիջապես հետո հայտնվեց տարբեր սկանդալների կենտրոնում (աղջիկներին Բաղրամյան 26 տանելուց մինչեւ ընկերոջ թանկարժեք մեքենայով Երեւանի փողոցներում ֆռֆռալուց), հերթական անգամ հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում։
ԱԺ-ի պատգամավորը որոշել է աշխատել, հիշել է, որ օրենսդիր մարմնի ներկայացուցիչ է, եւ հարկատուների հաշվին աշխատավարձ է ստանում, նաեւ օրենքներ մշակելու համար։ Ոգեւորված այս հանգամանքով Սարգսյան Հայկի մտքում նոր գաղափար է ծագել։ Նա որոշել է «փող քերել հարուստ պապաներից»։ Հայկ Սարգսյանն առաջարկում է փոփոխություն կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում:
Պատգամավորը նշում է որ 2 տարի պարտադիր զինվորական ծառայությունից խուսափում են նրանք, ովքեր հիմնականում տիրապետում են մեծածավալ դրամական միջոցների, արտագաղթում են և իրենց հետ տանում իրենց ընտանիքի անդամներին և ֆինանսական միջոցները, և այդպիսով առաջարկում է սա կասեցնելու համար այլընտրանքային ծառայության հնարավորություն ստեղծել. անցնել արագացված ընթացակարգով զինվորական ծառայության:
Ըստ նախագծի՝ այդ քաղաքացիները ՀՀ բյուջե կվճարեն 10 մլն ՀՀ դրամ, որից հետո կծառայեն մեկ ամիս՝ արագացված ընթացակարգով: Այդ մեկ ամսվա ընթացքում նման զինծառայողները պետք է սովորեն զինված ուժերում ծառայելու բոլոր կանոնները, որոշ զինատեսակներից օգտվելու կարգը, հաշվառվեն կոնկրետ զորամասում, տան զինվորական երդում և պարտավորվեն ներկայանալ զորահավաքներին:
Հայկ Սարգսյանը բանակում ծառայել է, եւ հետեւաբար պետք է տիրապետեր տարրական նրբությունների։ Նախ մեկ ամսում հնարավոր չէ սովորել զինվորական բոլոր կանոնները, զենքից ու զինատեսակներից՝ առավել եւս։ Բացի այդ օրենսդրական այս նախաձեռնությամբ խորանում է սոցիալական անհավասարությունը։ Գաղտնիք չէ, որ բոլոր ժամանակներում, բոլոր իշխանությունների օրոք երկրում եղել են դասալիքներ, ովքեր տարբեր ճանապարհներով խուսափել են պարտադիր զինվորական ծառայությունից։ Այդ ճանապարհով են տարել նաեւ իրենց որդիներին։
Հայկ Սարգսյանն ու իր թիմը երբ Գյումրիից քայլեր էր անում, պետք է իմանար, որ գալով իշխանության իրենք խոստանում են մերժել բոլոր այն արատավոր երեւույթները, որոնք արմատացել էին նախկինների ժամանակ։ Բայց իշխանության փայլը խամրեցրեց նաեւ քայլ արածներից շատերին։
Այս ընթացքում ստեղծվում են հիմնադրամներ, մտցվում նոր հարկատեսակներ, բնականաբար էլ ավելի խորացնելով սոցիալ- տնտեսական ծանր իրավիճակը։ Բայց իշխանության ներկայացուցիչներից քչերին է այն հետաքրքիր, չէ, որ նրանց կյանքում իրավիճակ իսկապես փոխվել է, նույնը չի կարելի ասել ՀՀ հպարտ քաղաքացիների մասին։
Ձեզ օտար է զինվորի մոր կարոտը, դուք օտարացել եք հասարակությունից։ Դուք չեք «ճաշակել» վառոդի հոտը, ձեզ ծանոթ չէ զինվորի տուն դարձի սպասումը։
Եվ, ուրեմն հեռու մնացեք հայոց բանակից, այստեղ դուք անելիք չունեք, այնպես, ինչպես չպետք է ունենար Մանվել Գրիգորյանն ու մյուսները, որ զինվորների համար նախատեսված տուշոնկաները տեղ հասնեին, որ Ադամ Սահակյանը, Քյարամ Սլոյանը, Մանումտցի Կյաժն ու բոլոր այն հերոսները, որոնք իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի չկռվեին 80-ականների զենքերով։ Հեռու մնացեք բանակից, այստեղով դուք քայլ չեք արել։ Այս սերունդը նախորդների սխալները ձեզ կրկնել թույլ չի տա։ Այս սերունդը ձեզ չի ների։ Եվ ուրեմն հանգիստ նստեք տեղներդ։
Irakanum.am