Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի՝«Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերություն կատարած մշտադիտարկման այցի արդյունքում արձանագարված խնդիրներն ամփոփվել են և կազմվել էմանրակրկիտ վերլուծական տեղեկանք:
Վեր են հանվել հետևյալ հիմնական խնդիրները.
- պահման պայմաններն անբավարար են՝ գերբնակեցվածություն, վերանորոգման և բարեկարգման աշխատանքների անհրաժեշտություն, կողապահարանների բացակայություն, լոգանքի կազմակերպման խնդիրներ, հիգիենիկ և անկողնային պարագաների, սպիտակեղենի բացակայություն, սննդի տրամադրման հետ կապված խնդիրներ և այլն,
- տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար Կազմակերպությունում բացակայում են ողջամիտ հարմարեցումները,
- տրամադրվող սննդի քանակական և որակական չափանիշներն անբավարար են,
- անհրաժեշտ է բացառել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ժամկետանց կամ ժամկետն անհայտ սննդի տրամադրումը,
- արձանագրվել են ժամկետանց դեղեր և բժշկական պարագաներ, ինչպես նաև առանց պիտանելիության ժամկետի դեղեր,
- պատշաճ չի ապահովվում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ամենօրյա բացօդյա զբոսանքի իրավունքը,
- բացակայում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նպատակային զբաղվածության և այլընտրանքային բուժման հնարավորությունը,
- անհրաժեշտ է մշակել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց արտաքին աշխարհի հետ կապի, այդ թվում՝ հեռախոսակապի խրախուսման մեխանիզմներ,
- առկա են խնդիրներ հոժարակամ և ոչ հոժարակամ բուժման ընթացակարգերում,
- բացակայում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հետազոտություններն իրականացնելու նկատմամբ միասնական մոտեցումը և չափորոշիչները,
- առկա են զսպման միջոցների կիրառման հետ կապված խնդիրներ,
- անհրաժեշտ է մշակել հոգեբուժական կազմակերպություններում վնասվածքների պատշաճ հաշվառման և այդ մասին իրավապահ մարմիններին տեղեկացնելու կարգ,
- առկա է հոգեբուժական օգնության և սպասարկման վճարովի ծառայությունների ցանկերի սահմանման անհրաժեշտություն՝ հոգեբուժական կազմակերպություններում վճարովի ծառայությունների տեսակի և սակագների չհիմնավորված տարբերակվածությունը բացառելու նպատակով,
- պետք է նախատեսել անհրաժեշտ և բավարար հաստիքներ հոգեբուժական բժշկական օգնությունն ու սպասարկումը պատշաճ կազմակերպելու համար,
- և այլն: