«Լիդիան Արմենիա» ընկերությանը մեղմ ասած ոգևորել է այն հանգամանքը, որ մեր հակառակորդ երկրում՝ Ադրբեջանում հետաքրքրված են Ամուլսարի հանքավայրի շահագործմամբ և կարծում են, որ այդկերպ Հայաստանը տնտեսական լուրջ հաջողություններ կունենա:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 17-21-ը հայ լրագրողների խումբը այցելել էր Ադրբեջան: Այցի արդյունքների և տպավորությունների մասին խոսելով՝ Շանթ հեռուստաընկերության մեկնաբան Արտյոմ Երկանյանը նշում է, որ ի թիվս այլ խնդիրների, ադրբեջանցիներին շատ է հետաքրքրում Ամուլսարի խնդրի հանգուցալուծումը, քանի որ իրենք կարծում են, որ եթե Ամուլսարը գործարկվի՝ Հայաստանը տնտեսական լուրջ հաջողություններ կունենա:
Այս տեղեկությունը շատ արագ տեղ գտավ «Լիդիան Արմենիայի» ֆեյսբուքյան պաշտոնական էջում և ընկերության քարոզչական թիմը մի քանի օր է լծված է այդ տեղեկության տարածմամբ: Ընկերությունը, որի գործունեությունը բազմիցս կասկածի տակ է դրվել բազմաթիվ փորձագետների կողմից, ոգևորվել ու գայթակղվել է մի տեղեկությամբ, որը ոչ ավել ոչ պակաս մեր հակառակորդ երկրից է հնչում, երկիր, որի ղեկավարի շուրթերից Հայաստանի նկատմամաբ բացառապես ռազմատենչ հայտարարություններ են հնչում, և երկիր, որի վարած քաղաքականության արդյունքում պարբերաբար իրավիճակը սահմանին լարվում է և կրակոցների արդյունքում մենք զոհեր ենք ունենում:
Բնականաբար, ադրբեջանցիները չէին բարձրաձայնելու այն հարցերը, որոնցով մտահոգված ենք մենք՝ ՀՀ քաղաքացիներս, օրինակ, թե ի ՞նչ վտանգավոր հետևանքներ կարող են առաջանալ Ամուլսարի հանքավայրի շահագործման դեպքում, և ի ՞նչ վնասակար ազդեցություն կարող է ունենալ ազդակիր համայքների բնակիչների վրա: Այս դեպքում էլ «Լիդիան Արմենիա» ընկերությունը առաջնորդվում է բացառապես իր շահով՝ ցիտելով այն տեսակետը, որին հակված են մեր հակառակորդ երկրում:
Սա բնորոշ է տվյալ ընկերությանը, որի մութ գործունեությունը, որը տարբեր պնդումներով կոռուպցիոն սխեմաներով է հայտնի, այդպես էլ չլուսավորվեց հայ հասարակության համար այսպես ասած հեղափոխական իշխանությունների կողմից: Ուստի մեր հասարակության լայն շերտերի կողմից մերժված «Լիդիան Արմենիային» ոչինչ չի մնում՝ քան ոգևորվել ադրբեջանական պրոպագանդայով: