00:00:00

«Ժամանակ». Վարչապետի որոշումը. ուր է հոսում փողը, եւ որտեղ է ընդհատվում շղթան

14:00, 28 նոյեմբեր 2019 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով, որը կուսումնասիրի Նոր Հաճն քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքը, երբ տներից մեկում խոհանոցի գազի կաթսայից գազի արտահոսքի հետեւանքով շմոլ գազի թունավորումից մահացել էին 77-ամյա տատն ու նրա 4 թոռները, որոնց ծնողները տարիներ ի վեր Հայաստանում չեն: Սարսափելի այդ ողբերգությունն ուսումնասիրող հանձնաժողովը պետք է պարզի հանգամանքները: Պետք է նկատել, որ ողբերգական այդ դեպքը Հայաստանում բացառիկ է զոհերի թվով, սակայն ամենեւին բացառիկ չէ իր տեսակով կամ բնույթով: Հայաստանում բնակարաններում շմոլ գազից թունավորումները, անգամ մահվան ելքով, պարբերական են: Դա նշանակում է, որ կա ոչ թե եզակի խնդիր, այլ խնդրահարույց եւ վտանգավոր երեւույթ: Եվ իրավիճակն էլ ավելի մտահոգիչ է դարձնում այն, որ Հայաստանում կա ընկերություն, որը, այսպես կոչված, ներտնային սպասարկում է իրականացնում գազային անվտանգության համար: «Էյ Ի Ջի Սերվիս» ընկերությունը, որ «ՀայՌուսգազարդի»՝ դեռեւս «ՀայՌուսգազարդի» պատվիրակմամբ իրականացնում է ներտնային սպասարկումը, ամսական կանոնավոր կերպով վճարումներ է ստանում դրա համար: Կոմունալ ծառայությունները վճարող քաղաքացիները կանոնավոր կերպով կատարում են նաեւ այդ վճարումը, որը ամեն քաղաքացու կամ տան հաշվարկով մեծ չէ, սակայն ընդհանուր հաշվարկում ամսական կազմում է բավականին պատկառելի փող: Միեւնույն ժամանակ հետաքրքիր է՝ կա՞ վիճակագրություն, թե բնակարաններում կամ տներում շմոլ գազի թունավորումից մահվան ելքով կամ ոչ մահվան ելքով դեպքերից քանիսի՞ պարագայում է պատասխանատվություն կրել ներտնային սպասարկման համար պատասխանատու ընկերությունը: Մյուս կողմից՝ հայկական մամուլում տարիներ շարունակ եղել են դրա վերաբերյալ ամենատարբեր հրապարակումներ, որոնց համաձայն՝ այդ ընկերությունը պատկանել է, մեղմ ասած, ոչ պատահական անձանց: Այդ առիթով շրջանառվել են թե՛ «ՀայՌուսգազարդի» նախկին տնօրեն, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի, թե՛ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի անունները, թե՛ այլ հնչեղ անուններ: Իհարկե, որեւէ փաստական հաստատում, որ ընկերությունը պատկանում է նրանցից որեւէ մեկին, չի եղել, չկա: Սակայն միեւնույն ժամանակ հանրային համոզումը, որ խոսքը պատահական մարդու պատկանող ընկերության մասին չէ, գալիս է Հայաստանում նախկինում կառավարող համակարգի բնույթից: Այդ համակարգում մեծ փողերի առնչվող որեւէ ոլորտ չէր կարող հայտնվել պատահական մարդու ձեռքին: Մեծ հաշվով որեւէ կերպ էական էլ չէ, թե հատկապես ում է պատկանում այդ ընկերությունը: Էականն այն է, թե այն փող վերցնելով քաղաքացիներից՝ որքանով է հավուր պատշաճի, առանց թերացումների կատարում իր պարտականությունը, ապահովում քաղաքացիների, այսպես ասած, գազային անվտանգությունը: Ի վերջո, 21-րդ դարում այդ խնդիրը պետք է լուծել այնպես, որ քաղաքացիների, այսպես ասած, անփութության հետեւանքով առաջացող ռիսկերն անգամ հնարավոր լինի չեզոքացնել եւ թույլ չտալ, որ լինեն շմոլ գազից բնակարանային թունավորումներ, առավել եւս՝ մահվան ելքով: Այստեղ է, որ վարչապետի որոշումով ստեղծվող հանձնաժողովը ստանում է իսկապես կարեւոր նշանակություն, որովհետեւ մարդիկ կանոնավոր վճարում են անվտանգության համար, բայց անվտանգությունը կարծես թե այդքան էլ կանոնավոր չէ: Պետք է հասկանալ, թե որտեղ է ընդհատվում շղթան, այն դեպքոմ, երբ անվտանգության առիթով փողի հոսքը կարծես թե իրականացվում է անընդհատ ու անխափան»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր