00:00:00

Եվրո-2020. Հայաստան – Հունաստան. նոր մարտահրավեր, նոր հույսեր

19:28, 15 նոյեմբեր 2019 Սպորտ

Ֆուտբոլի 2020թ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հերթական խաղում Հայաստանի հավաքականն այսօր սեփական դաշտում կընդունի Հունաստանի ազգային թիմին: Սա երկու երկրների թիմերի թվով 6-րդ հակամարտությունն է: Նախկինում երեք անգամ հաղթել են հույները (2:0, 1:1, 1:0), մեկ խաղ ավարտվել է ոչ-ոքի (0:0): Այս տարի կայացած առաջին խաղում մեր ֆուտբոլիստները հյուրընկալվելիս ոչ միայն առաջին անգամ գրավել են հույների դարպասը, այլև հաղթանակ են տոնել (3:2): Սակայն, պետք է արդարության համար նշենք, որ մերոնք հաջողության են հասել հանգամանքների բերումով, քանի որ այդ խաղից առաջ Հունաստանի հավաքականում լուրջ տարաձայնություններ են եղել թիմի մարզիչների և առաջատար ֆուտբոլիստների միջև, ինչը բացասաբար է ազդել թիմի մարտունակության վրա: Հայաստանի հավաքականից կրած պարտությունից հետո հույները գլխավոր մարզիչ են նշանակել հոլանդացի Յոն վանտ Շիպին, որը նախորդի ճակատագրին չարժանանալու համար վերջին խաղերին թիմ չի հրավիրում նույն այդ առաջատար ֆուտբոլիստներին: Հայաստանի հավաքականում նույնպես մարզչական փոփոխություն է տեղի ունեցել այսօր հանդիպումից առաջ, քանի որ նախկին գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն ինքնակամ հրաժարական տվեց այն բանից հետո, երբ ձախողվեց Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի հետ խաղերում, և թիմը գործնականում կորցրեց Եվրո-2020-ի եզրափակիչ փուլ մտնելու հնարավորությունը: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվեց Աբրահամ Խաշմանյանը, որը Երևանի «Ալաշկերտի» հետ մեծ հաջողությունների է հասել Հայաստանի առաջնությունում և գավաթի խաղարկությունում: Սա նոր մարտահրավեր է փորձառու մասնագետի համար, քանի որ հավաքականների մակարդակով խաղերում առաջին հերթին երևում է մարզիչների տակտիկական պատրաստվածությունը, խաղի ընթացքում արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ճկնությունը: Հայաստանի հավաքականն առաջիկա խաղին մոտենում է նույնպես առանց առաջատար ֆուտբոլիստների, սակայն դա ունի իր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները: Թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ինչպես նաև Գևորգ Ղազարյանը, Կառլեն Մկրտչյանը և Սարգիս Ադամյանը վնասվածքի պատճառով ստիպված են բաց թողնել հանդիպումը: Առաջատար պաշտպան Հրայր Հարոյանը դեղին քարտերի պատճառով որակազրկվել է մեկ խաղով: Մարկոս Պիզելին հայտարարել է, որ ավարտում է ելույթները հավաքականում: Արազ Օզբիլիսը, ըստ եղած լուրերի, ընտանեկան խնդիր ունի և նույնպես չի օգնի հավաքականին: Զարմանալի չէ, որ Աբրահամ Խաշմանյանը հավաքական է հրավիրել ֆուտբոլիստների, որոնք երկար ժամանակ չէին ընդգրկվում թիմի խաղերին: Մասնավորապես՝ երկար ընդմիջումից հետո հավաքական են վերադարձել դարպասապահ Գևորգ Կասպարովն ու հարձակվող Արթուր Սարկիսովը: Կա նաև մեկ նորեկ՝ հանձինս «Արարատ-Արմենիայի» պաշտպան Արթուր Դանիելյանի: Հայաստանի ֆուտբոլասերները, բնականաբար, նոր հույսեր են կապում հավաքականի նոր գլխավոր մարզչի հետ՝ ակնկալելով նոր հաղթանակներ: Աբրահամ Խաշմանյանն իր անդրանիկ մամուլի ասուլիսին նշել է, որ այսօրվա խաղում թիմը ձգտելու է առավելագույնին, անկախ կադրային կորուստներից: Հուսանք, որ մարզչի լավատեսությունը կփոխանցվի խաղացողներին և նրանք իրենց խաղով բերկրանքի պահեր կպարգևեն ոչ միայն երկրպագուներին, այլև ողջ հայ ժողովրդին: Նշենք, որ բուքմեյքերներն այսօրվա խաղում նախապատվությունը, այնուամենայնիվ, տալիս են Հունաստանի հավաքականին. 2,30 գործակից հաղթանակի համար՝ Հայաստանի 3,40 գործակցի դիմաց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր