ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի իր գործընկեր Զոհրաբ Մանացականյանի հետ ունեցած ճեպազրուցի ժամանակ Արցախյան հիմնահարցի կարգավորման հետ կապված որոշ ուշագրավ հայտարարություններով հանդես եկավ: Նա շեշտեց, թե առանց Արցախի ժողովրդի համաձայնության անհնար է որեվէ ձևակերպման հասնել՝ հավելելով, որ Արցախը եղել է բանակցության գործընթացի մասնակից, սակայն «ինչ որ փուլում Հայաստանի ղեկավարներից մեկը» որոշել է, որ Հայաստանը պետք է ներկայացնի Արցախը: Այս հայտարարությւոնից հետո եղան ենթադրություններ, որ խոսքն ըստ ամենայնի Ռ. Քոչարյանի մասին է և Սերգեյ Լավրովն իր այդ հայտարարությամբ հասկացնում է, որ Ռ. Քոչարյանն է մեղավոր, որ Արցախը դուրս է մնացել բանակցություններից: Արդյո՞ք Լավրովն հենց Քոչարյանին էր ակնարկում: Անդրադառնալով մեր այս հարցին, Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը նշեց. «Ես չգիտեմ կոնկրետ ում նկատի ուներ, բայց խնդիրն ինչումն է. Նախ ասեմ, որ դրա մեղավորն ադրբեջանական կողմն է: Մարդիկ կան՝ մեկը մեղադրում է Քոչարյանին, մյուսը Լևոն Տեր- Պետրոսյանին , բայց ես չեմ ուզում անձերի վրա կենտրոնանամ: Շատ ակնհայտ է, որ դա առաջինն արել է Ադրբեջանը, երկրորդ՝ բանակցային այն ձևաչափը , որ Արցախը կողմ է, Ադրբեջանը կողմ է ,և Հայաստանը կողմ է բանակցությունների և հակամարտության, ընդունվել է և վավերացվել է 1994 թվականի Բուդապեշտի ԵԱՀԿ գագաթնաժողովի ժամանակ: Այդ որոշումն ընդունվել է կոնսենսուսի հիման վրա, այսինքն բոլոր պետությունները կողմ են, եթե գեթ մեկ երկիր դեմ լիներ չէր ընդունվի: Հիմա այս ամենից հետո ի՞նչ է նշանակում, թե ինչ-որ մեկը՝ կապ չունի ինքը նախագահ է, թե արտգործնախարար, իր որոշմամբ կարող էր բեկանե՞լ միջազգային կազմակերպության որոշումը»,-ասւոմ է Դավիթ Բաբայանը: Նրա պնդմամբ՝ ավելի շատ պետք է կենտրոնանալ Սերգեյ Լավրովի այն մտքի վրա, որով նա նշում է, թե առանց Արցախի անհնար է կարգավորել հակամարտությունը. «Դրա համար այդ նույն ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահները, և համանախագահող երկրները բավականին բարդ իրավիճակում են հայտնվել. մի կողմից հասկանում են, որ միայն լիարժեք ձևաչափով կարելի է հասնել համապարփակ կարգավորման , մյուս կողմից իրենք տեսնում են Արբեջանի հիստերիկ աննոռմալ պահվածքը և շատ ավելի գերադասելի է դառնում նույնիսկ խեղաթյուրված ձևաչափով խաղաղությունը պահպանել, քան ընդհանրապես գործընթացը բերել փակուղի: Պետք է իրատես լինենք, այլ ոչ թե ցանկալին իրականի տեղը ներկայացնենք: Շատ կարևոր է, որ այսպիսի մոտեցում և այսպիսի գաղափարներ հնչեցվել են: Սա նշանակում է, որ փաստացի ասում են, որ եթե չվերականգնվի՝ չի լինելու կարգավորում և այսուհետ ևս շեշտը դրվելու է խաղաղության և կայունության պահպանման վրա , նույնիսկ համեմատական խաղաղության և կայունության: Հետևաբար, Լավրովի ասածը մեսիջ է, որ առանց դրա հնարավոր չէ, եթե դա տեղի չի ունենում, շարունակվում է շեշտը դնել խաղաղության և կայունության՝ ասել է թե ստատուս քվոյի պահպանման վրա, այլ տարբերակ պարզապես չկա»,-եզրափակեց Բաբայանը: