ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ զինված ուժերում ինքնասպանության դեպքերին։ Նրա պնդմամբ բանակում ինքնասպանության դեպքերի աճ չի գրանցվել, սակայն շատ լավ կլիներ, եթե նման դեպքեր ընդհանրապես չլինեին․ «Կատարյալ կլինի եթե ինքնասպանության, կամ ինքնասպանության հասցնելու դեպքեր տեղի չունենան , դա իհարկե շատ բացասական երևույթ է։ Մենք մեր հետևություններն անում ենք, համապատասխան պաշտոնատար անձինք իրենց պատիժը ստանում են, բայց ամեն դեպքում բանակում հնարավոր չէ նման դեպքերից խուսափել, մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումներն ապահովագրել ամբողջովին, ցավոք հնարավոր չէ։ Իհարկե ես դա արձանագրում եմ որպես թերություն , և շատ անելիքներ կան, որպեսզի բացառվի այդ ամենը» ,-նշեց նա։
Անդրադառնալով հարցին, թե ինչպես է ստացվում, որ ինքնասպանություն գործած զինծառայողների մարմինների վրա կան բռնության հետքեր՝ փոխնախարարն արձագանքեց․ «Իսկ արդյո՞ք կարելի է բացառել այն հանգամանքրը, որ որոշակի ծեծկռտուք է եղել, որոշակի մարմնական վնասվածքներ են ստացվել և զինծառայողը ինքնասպանություն է գործել հենց ֆիզիկական բռնությունից ելնելով։
Ես կարող եմ հստակ արձանագրել, որ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված յուրաքանչյուր գործառույթ, յուրաքաչյուր ստորաբաժանում իրականացնում է: Ես որպես պաշտոնատար անձ , ինձ հասու տեղեկությունների մասով կարող եմ ասել, որ բացառում եմ բանակում կատարված սպանությունը ինքնասպանություն որակվի»։