Ինչպես հայտնել ենք, Հոկտեմբերի 27-ի գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը, որը դատապարտված է ցմահ ազատազրկման և իր պատիժը կրում է «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով։
Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։
Ըստ վերջինիս՝ Հունանյանը համապատասխան դիմում է ներկայացրել մոտ երկու շաբաթ առաջ, այն ընթացքի մեջ է։
«87 օրվա ընթացքում է զեկույցը քննարկվում, ինչից հետո զեկույցի հիման վրա տրվում է բացասական կամ դրական պատասխան», - նշել է Նավիկյանը՝ հավելելով, որ «քանի որ Հունանյանի ազատազրկման 20 տարին լրացել է, 20 տարուց հետո ցմահ դատապարտյալները իրավունք ունեն դիմել պայմանական վաղաժամկետ ազատման համար»։
«Չեմ կարող ասել, թե գործընթացն ինչքան կարող է տևել, որովհետև ամեն դատապարտյալի դեպքում ժամկետները տարբեր են լինում», - նշել էր ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետը։
Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը irakanum.am-ի հետ զրույցում նշեց․ «Լինելով ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ցավալի արձանագրում պետք է անեմ․ ես կարծում եմ՝ որևէ իրավապահ մարմին չպետք է անգամ քննարկման առարկա դարձնի Նաիրի Հունանյանի դիմումը, քանի որ նրա արարքը որևէ տրամաբանության մեջ չի մտնում»։
Թագուհի Թովմասյանն ընդգծեց՝ այն ոճրագործությունը, որն իրագործել է Նաիրի Հունանյանն իր ընկերների հետ միասին, որևէ դեպքում ներել չի կարելի։