Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին ձերբակալելու քննիչի որոշումը բողոքարկվել է: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց Բաբայանի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը: Վերջինս այս պահին այլ հարցերի չպատասխանեց:
Հիշեցնենք՝ երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ ձերբակալվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։ Այս մասին տեղեկացրեց ՀՀ հատուկ քննչական ծառայությունը՝ հավելելով, որ Բաբայանը ձերբակալվել է պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով։
Ըստ հաղորդագրության՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելը) հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պաշտոնատար անձինք ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից լիազորությունները վայր դնելու գործընթացում, խմբային շահերից ելնելով, անձամբ, ինչպես նաև պաշտոնատար անձ չհանդիսացող աշխատակիցների միջոցով կատարել են պաշտոնեական կեղծիքներ:
ՀՔԾ լրատվական ծառայության փոխանցմամբ՝ նկատի ունենալով, որ բացահայտվել է առերևույթ կատարված նոր հանցագործության դեպք, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը) հարուցվել է նոր քրեական գործ, որը միացվել է իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին: Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն ՔՕ 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ էր հարուցել ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա։ Ավելի վաղ նա դիմում-հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել էր ՀՀ գլխավոր դատախազություն՝ նշելով, որ Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահի պաշտոնը ստանձնելով՝ տեղի է ունեցել իշխանության փաստացի բռնազավթում։
Արման Բաբաջանյանը հայտնել էր, որ դիմումում հանգամանորեն ներկայացվել են ՍԴ նախագահի պաշտոնի յուրացման ընթացքում կիրառված հանցավոր սխեմայի բոլոր մանրամասները՝ միեւնույն ժամանակ ընդգծելով, որ ՍԴ պաշտոնից թույլ տրված օրինախախտումների հիմքով Թովմասյանի հեռացումը ՀՀ-ում սահմանադրական արդարադատության վերականգնմանն ուղղված համալիր գործողությունների շարքի սոսկ մի քայլը պետք է լինի։