00:00:00

Վնասվածք ունեցող Արթուր Ալեքսանյանը ծննդյան օրը մարզումը բաց չի թողել. այսօր դարձավ 28 տարեկան

21:02, 21 հոկտեմբեր 2019 Սպորտ

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն իր ծննդյան օրը մարզումը բաց չի թողել: Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, նա նշում է ծննդյան 28-րդ տարեդարձը: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նրա հայրը՝ Գեւորգ Ալեքսանյանը, որը նաեւ նրա անձնական մարզիչն է, նշեց, որ որդին մարզումային ծրագրից չի շեղվել: «Այսօր, որքան վնասվածքը թույլ է տալիս, մարզվել է, իսկ երեկոյան պատրաստվում է նշել ծննդյան օրը»,- ասաց նա: Մարզիկը դեռեւս շարունակում է բուժվել վնասվածքից, որն ստացել էր սեպտեմբերին Ղազախստանում տեղի ունեցած աշխարհի 2019թ. առաջնության ժամանակ: Նա կողի կոտրվածք էր ստացել, ինչի պատճառով չէր կարողացել մասնակցել եզրափակչին ու բավարարվել էր արծաթե մեդալով: Ինչպես նշում է նրա հայրը, անցած շաբաթ նա նորից հետազոտվել է, ու բժիշկն ասել է, որ ապաքինումն ընթանում է այնպես, ինչպես պետք է: «Ընթացքը նորմալ էլ: Որոշ չափով կողի հատվածը կպել է ոչ լրիվ, բայց ընթացքը լավ է, ժամանակի առումով նորմալ է գնում: Ինչ վերաբերում է մարզումներին, գորգային աշխատանքներ անհնար է կատարել, վարժություններ կան ոտքերի, ձեռքերի, որոնք կողին չեն խանգարում, ցավ չի լինում, դրանցով բավարարվում ենք, որպեսզի տոնուսի մեջ մնա մինչեւ կկարողանա լիարժեք պարապմունքներ՝ գորգային աշխատանքներ, սկսել: Մեկուկես ամիս դեռ հաստատ պետք է հանգիստ պահի»,- ասաց նա: Այս տարի նոյեմբեր կամ դեկտեմբեր ամսին նախատեսվում է անցկացնել Հայաստանի 2019թ. առաջնությունը: Կմանսակցի Արթուրը դրան, թե ոչ, Գեւորգ Ալեքսանյանը չի կարողանում ասել: Նա նշում է, որ այդ ժամանակ կտեսնեն՝ ինչ վիճակում է մարզիկը, եւ կորոշեն: «Պլանավորված է, որ Հայաստանի առաջնությանը բոլոր մարզիկները մասնակցելու են, նաեւ նա: Եթե տեսնենք, որ գորգային աշխատանք չի կարող կատարել, նոր մարզչական խորհուրդը կորոշի՝ իհարկե բժիշկների հետ խորհրդակցելով»,- ասաց նա: Մարզիչը նույն պատասխանը տվեց նաեւ Եվրոպայի 2020թ. առաջնության մասին, որը մյուս տարիների համեմատությամբ ավելի շուտ է անցկացվելու, քանի որ օլիմպիական տարի է: Տեղի է ունենալու փետրվարին: Հարցին՝ արդյոք հնարավոր է՝ Արթուր բաց թողնի ՀՀ, ինչպես նաեւ Եվրոպայի առաջնությունները ամռանը Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերից առաջ ռիսկի չդիմելու համար, մազիչը նշեց, որ դեռ կքննարկեն մարզիչների ու բժիշկների հետ ու կորոշեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր