Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը Դագեստանի Խասավյուրտ քաղաքում կայացած Continental Cup մրցաշարում բրոնզե մեդալ է նվաճել:
Այս տարի մրցաշարին ավելի քան 200 ըմբիշ է մասնակցել Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ղազախստանից, Տաջիկստանից, Ադրբեջանից, Ղրղզստանից, Հայաստանից և այլ երկրներից:
Որակավորման փուլում Թևանյանն առավելության է հասել ռուսաստանցի Զահիր Շահիևի նկատմամբ, 1/8 եզրափակչում 7:1 հաշվով հաղթանակ է տարել դարձյալ Ռուսաստանի ներկայացուցիչ Ախմեդ Ջալիլովին, քառորդ եզրափակչում 2:0 հաշվով հաղթել է Հայաստանի մեկ այլ ներկայացուցչի՝ Հրաչյա Մարգարյանին:
Կիսաեզրափակչում Թևանյանը 4:3 հաշվով պարտվել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Էվան Հենդերսոնին, վերջինս հասել է եզրափակիչ ու հայ ըմբիշը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք է ստացել ու հաղթել: Բրոնզե մեդալի համար պայքարում Թևանյանը 5:2 հաշվով առավելության է հասել դագեստանցի ըմբիշ Շամիլ Հուսեյնովի նկատմամբ: