00:00:00

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը դատի է տվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին

21:06, 03 հոկտեմբեր 2019

Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը դատի է տվել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: Մուրադյանը Թորոսյանից պահանջում է զրպարտչական արտահայտությունների հերքում եւ պատճառված վնասի հատուցում: Հայցը ներկայացվել է հոկտեմբերի 2-ին: Գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգորի Վարդանյանին: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին իր տապալված մամուլի ասուլիսից հետո ֆեյսբուքյան ուղիղ եթերով Թորոսյանը հայտարարել էր, որ իր դեմ արշավն ուղղորդում է Արմեն Մուրադյանը. «Այս թատերականացված միջոցառումները Գեւորգ Թամամյանի անձնական նախաձեռնությունը չեն, այլ կազմակերպել է Արմեն Մուրադյանը, ով իր պաշտոնը նվեր էր ստացել նախկին իշխանություններից, եւ սարսափած է, որ այս իշխանությունների օրոք կարող է կորցնել պաշտոնը: Ժամանակին լինելով հայտնի ընտանիքների քավոր, հայտնի մարդկանց ընկեր, աստիճանաբար կարիերայի աստիճանասանդղակով այդպես բարձրացել, հիմա ռեկտոր է բժշկական համալսարանի ռեկտոր է: Նա կարծում է, որ մենք շատ մեծ վտանգ ենք ներկայացնում իր այսօրվա պաշտոնին, այս ամենը սկսվել է մեկ տարի առաջ, երբ ուզեցինք, համալսարանի խորհրդի կազմը փոխել, այնտեղից հանելով նախկին իշխանության ներկայացուցիչներին եւ նոր նշանակումներ արեցինք, ու այդ ժամանակվանից սկսվեց արշավն իմ դեմ: Խորհրդի նախագահ ընտրեցին մի մարդու (նկատի ունի երգահան Վահան Արծրունուն, Ն.Բ.), որը չգիտեմ ինչ կապ ունի բժշկության հետ, ասում են բժշկական համալսարանի հիմնադիր Արծրունու հետ ազգակցական կապ ունի, վստահ չեմ»: Ի պատասխան՝ Արմեն Մուրադյանն Արսեն Թորոսյանին ստախոսության մեջ մեղադրեց եւ ներկայացրեց իր եւ նախարարի միջեւ տեղի ունեցած խոսակցության մի դրվագ, որը վերաբերում էր «Զինվորի տուն» կենտրոնի գործունեությանը։ Մեկ տարի առաջ տեղի ունեցած քննարկմանը, ըստ Մուրադյանի, Թորոսյանը անթույլատրելի բառակապակցություն է թույլ տվել։ «50 հոգի եղել են հաշմանդամ և 50-ն էլ մեռնելու են հաշմանդամ, ինչի՞ եք էդքան փող ծախսել», հայտարարել է նախարարը, որից հետո մեր խոսակցությունն ընդհատվել է և ընդհանուր ոչ մի կողմ, առհասարակ, չի կարող ունենալ»,- մանրամասնել էր Արմեն Մուրադյանը: Նշենք, որ Թորոսյանը հերքել է Մուրադյանի ներկայացրած պատմությունը: ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավարն էլ հայտարարել է, որ Մուրադյանը դատի է տալու Թորոսյանին:

Աղբյուր՝ armtimes.com

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր