00:00:00

ԲԴԽ-ն կարևորում է դատավորների՝ ցանկացած ներազդեցության կամ ճնշման փորձից, պատվի, արժանապատվության ու անվտանգության դեմ ցանկացած ոտնձգությունից զերծ լինելը. հայտարարություն

22:14, 30 սեպտեմբեր 2019 Հասարակություն

Բարձրագույն դատական խորհուրդը, որպես ապաքաղաքական կառույց, ձեռնպահ է մնացել և շարունակելու է ձեռնպահ մնալ քաղաքական բնույթի հայտարարություններին, դրանցում հնչեցվող ձևակերպումներին արձագանքելուց, քանի դեռ դրանք կամ դրանց շահարկումը չեն անցել օրենքով թույլատրելիի սահմանագիծը: Այս մասին նշված է խորհրդի հայտարարության մեջ: Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ որոշ դատական գործընթացների կապակցությամբ դատական իշխանության նկատմամբ առկա են տարաբնույթ տրամադրություններ, ինչն օրինաչափ է: Մինչդեռ երբեմն դրանք միտումնավոր ուղղորդվում են և բերում ոչ բարենպաստ զարգացումների, ինչն ի զորու է վտանգել բարձր հանրային հեղինակություն ու վստահություն վայելող դատական իշխանության գաղափարի կյանքի կոչումը: Այդ կապակցությամբ Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է համարում առանձնակի կարևորել` ա/ հանրության մեծ վստահություն վայելող բարձրաստիճան պաշտոնատար անձանց կամ հանրային գործիչների կողմից դատարանների և դատավորների հասցեին հնչեցվող արտահայտություններում խիստ ընտրողականություն դրսևորելու անհրաժեշտությունը՝ որևէ կերպ թույլ չտալու համար նույնիսկ գնահատողական դատողությունների տիրույթում վիրավորական բնույթի ձևակերպումներ. բ/ իրավաբանական համայնքի ներկայացուցիչների կողմից ցանկացած շահի պաշտպանության իրականացումը բացառապես մասնագիտական, էթիկայի ու բարեվարքության կանոնների խստագույնս պահպանմամբ և ոչ երբեք դատական իշխանությունը հեղինակազրկելու, դատավորի անձը վիրավորելու և դատարանը վարկաբեկելու հաշվին. գ/ դատավորների՝ ցանկացած ներազդեցության կամ ճնշման փորձից, պատվի, արժանապատվության ու անվտանգության դեմ ցանկացած ոտնձգությունից զերծ լինելը: Նման փորձերը մնալու են ընդամենը փորձեր և զրոյական ազդեցություն են ունենալու դատարանում քննվող ցանկացած գործի ընթացքի վրա, իսկ այդպիսի յուրաքանչյուր դեպք կլինի Բարձրագույն դատական խորհրդի ուշադրության կենտրոնում, որը հաստատակամ է ձեռնարկելու օրենքով նախատեսված քայլեր դատավորների անկախության ապահովման համար: «Միաժամանակ Խորհուրդը խիստ կարևորում է հատկապես իրավաբանական համայնքի՝ փաստաբանների, իրավապաշտպանների, դատախազների, քննիչների, հասարակական-իրավական կազմակերպությունների, դատավորներից ոչ պակաս կարևոր դերակատարությունը մեր պետության արդարադատական ինստիտուտների կայացման ու զարգացման գործում: Ավելին, գտնում ենք, որ իրավաբանական համայնքը պետք է դատական իշխանության հետ հավասարապես կիսի պատասխանատվությունը հասարակության առաջ՝ վերջնարդյունքում բացառապես մասնագիտական չափանիշներով գործող, հասանելի, ընկալելի և հանրային բարձր վստահություն վայելող արդարադատական համակարգ ունենալու ճանապարհին, քանի որ, ի վերջո, դրա անաչառ գնահատողն ու հիմնական շահառուն Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է»,-ասված է հայտարարության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր