00:00:00

Հնչեղ անուններ են ներգրավում՝ իրական մեղավորներին գտնելու անկարողությունը քողարկելու համար. Գևորգ Կոստանյան

19:27, 26 սեպտեմբեր 2019

Մարտի 1-ի զոհերի համար իրական մեղավորներին գտնելու անկարողությունը քողարկելու նպատակով փորձ է արվում քրեական գործում հնարավորինս մեծ թվով հնչեղ անուններ ներգրավելով` ստեղծել արդյունավետ գործունեության պատրանք: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը։ Հայտարարության մեջ ասվում է. «Մամուլում հրապարակված նյութից պարզ է դառնում, որ ես և Գևորգ Մհերյանը մեղադրվում ենք ոստիկանության պետին ինչ-որ ցուցումներ ու հանձնարարականներ տալու մեջ, ինչն, ի դեպ, բացարձակ հերքում է հենց այդ մտացածին ցուցումների և հանձնարարականների հասցեատեր Ալիկ Սարգսյանը: Միայն այսքանը բավարար է արձանագրելու, որ իմ և Գևորգ Մհերյանի անվան հետ կապվող մեղադրանքներում առողջ բանականությունից բացի բացակայում է նաև որևէ իրավական հիմք: Ակնհայտ է դառնում, որ Մարտի 1-ի զոհերի համար իրական մեղավորներին գտնելու անկարողությունը քողարկելու նպատակով փորձ է արվում քրեական գործում հնարավորինս մեծ թվով հնչեղ անուններ ներգրավելով` ստեղծել արդյունավետ գործունեության պատրանք: Համոզված եմ, որ եթե նույնիսկ ՀՀ «նոր» իրավապահ համակարգը մեղադրանք առաջադրի և կալանավորի 2008-2018 թվականներին որևէ պաշտոն զբաղեցրած բոլոր անձանց, միևնույնն է դրանով չի մոռացվելու այն հարցը, թե, ի վերջո, ո՞վ կամ ովքե՞ր են Մարտի 1-ի տաս զոհերի և հարյուրավոր վիրավորների համար իրական պատասխանատուները: Այդ կապակցությամբ կարծում եմ, որ քրեական իրավունքի դասագրքերը մեր երկում այլևս արժեք չունեն և ենթակա են փոփոխման, քանի որ մերօրյա «իրավաբանների» իրականացված քրեական արդարադատությունն ուղղակի հակասության մեջ է անգամ դասագրքային ճշմարտությունների հետ: Նաև ցանկանում եմ ընդգծել, որ ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով նախատեսված բոլոր հնարավորություններն օգտագործելու եմ այս անհեթեթ մեղադրանքներից իմ, ինչպես նաև Գևորգ Մհերյանի անունը պաշտպանելու համար: Մյուս կողմից ցանկանում եմ հիշեցնել մեր ողջ իրավապահ համակարգին, որ նրանք, ովքեր իրենց գործունեության ընթացքում թույլ կտան կամ արդեն թույլ են տվել ապօրինություններ, անպայման կրելու են անձնական քրեական և բարոյական պատասխանատվություն իրենց գործողությունների համար` օրենքի տառին համապատասխան: Մամուլում առկա տեղեկատվության հիման վրա այս պահին այսքանը: Մեղսագրվող արարքների մասին ընդհանրապես և հանցակազմի հատկանիշների մասին` մասնավորապես, հանգամանորեն կխոսեմ ավելի ուշ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր