00:00:00

Պաշտոնեական դիրքի չարաշահմամբ հափշտակություններ Սյունիքի մարզային փրկարար վարչությունում. հարուցվել է քրգործ

20:28, 24 սեպտեմբեր 2019 Իրավական

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից ստացել եւ ուսումնասիրության է ենթարկել նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի վարչության կողմից ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարար վարչությունում (ՄՓՎ) 2017թ. իրականացված աուդիտի եւ ծառայողական քննության արդյունքները։ Դատախազությունից հայտնում են, որ ուսումնասիրությամբ պարզվել է, որ Սյունիքի ՄՓՎ-ին 2016թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին հատկացված ընդհանուր առմամբ 790 լիտր բենզինի ծախսը հիմնավորող փաստաթղթերը բացակայել են, իսկ նույն ՄՓՎ-ին ամրակցված «ՈՒԱԶ 366» ավտոմեքենայի վրա 2016-2017թթ. ընթացքում հավելագրվել է շուրջ է 2.092 կմ վազք, որի ծախսը կազմել է 460 լիտր բենզին։ Պարզվել է նաեւ, որ ՀՀ ԱԻ նախարարի հրամանով 27.12.2016թ.-08.03.2017թ. Մ-3 միջպետական մայրուղու Գորիս-Սիսիան ավտոճանապարհի միջնամասում ստեղծվել է վրանային հենակետ՝ ձնաբքի ժամանակ մարդկանց օգնություն ցուցաբերելու եւ անվտանգ տարածք տեղափոխելու նպատակով, որի ծառայության իրականացման նպատակով նախատեսվել է օգտագործել 2 հատ 2.5 ԿՎՏ էլեկտրական գեներատորներ՝ լուսավորության եւ կապի ապահովման համար։ Սակայն, վառելիքի ծախսերի վերաբերյալ կազմված ակտերի համաձայն՝ ցույց է տրվել շահագործված այլ հզորությունների 2 էլեկտրական գեներատոր, որոնց վառելիքի ծախսը հաշվարկվել է սահմանված նորմաներից ավելի: Արդյունքում հավելագրվել է 432 լիտր բենզին։ Բացի այդ, կազմված ակտերի համաձայն՝ հենակետի ծառայության իրականացման նպատակով ներգրավված Գորիսի եւ Սիսիանի ՀՓՋ-ներին պատկանող ավտոմեքենայի համար 27.12.2016թ.-31.01.2017թ.  ցույց է տրվել  1000 կմ վազք եւ մեկի դեպքում 400 լիտր, մյուս դեպքում 560 լիտր բենզինի, իսկ ավտոմեքենաների կունգի վառարանի համար 470-ական լիտր դիզելային վառելիքի ծախս: Դա այն դեպքում, երբ Գորիսի ՀՓՋ-ին պատկանող ավտոմեքենայի կունգի վառարանը դիզելային վառելիքով չի աշխատում, իսկ Սիսիանի ՀՓՋ-ին պատկանողի դեպքում ավտոմեքենայի շահագործման քարտի վազքաչափի ցուցմունքներում չի արտացոլվել նշված 1000 կմ վազքը: Պարզվել է նաեւ, որ 2016-2017թթ. Սյունիքի ՄՓՎ-ին հատկացվել է 32 խ/մ՝ վառելափայտ, սակայն բացակայել են դրանց ծախսի եւ բաշխման վերաբերյալ փաստաթղթերը։ Ուսումնասիրությամբ պարզված փաստերը վկայում են, որ ՀՀ ԱԻՆ համապատասխան ստորաբաժանումների պատասխանատու պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2016-2018թթ. կազմել են վառելիքի ծախսի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող կեղծ փաստաթղթեր եւ պաշտոնեական դիրքն օգտագործելով կատարել խոշոր չափերի՝ 1.665.000 դրամի պետական միջոցների հափշտակություններ: Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերեւույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ 314-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր