00:00:00

ՀՀ գլխավոր դատախազը երբևէ, որևէ միջոցով Հայկ Հարությունյանի հետ կոնտակտ չի ունեցել. Գոռ Աբրահամյան

12:00, 24 սեպտեմբեր 2019 Իրավական

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ Դատախազությունը առանձնահատուկ հետևողականություն է ցուցաբերելու ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան իրական հանգամանքները, դրդապատճառները բացահայտելու հարցում: Աբրահամյանը նաև հերքել է լրատվամիջոցներից մեկի հրապարակումն այն մասին՝ իբր մահից առաջ Հայկ Հարությունյանը վկաներին ասել է, թե Գլխավոր դատախազի կողմից իր վրա եղել են սուտ ցուցմունք տալու ճնշումներ: Ներկայացնում է Աբրահամյանի հայտարարությունը. «Պարզվում է՝ ստորությունն ու անբարոյականությունը մեր իրականությունում առանձին լրատվամիջոցների պարագայում սահմաններ չունեն: Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան մասին մամուլում առաջին հրապարակումներից բառացիորեն րոպեներ անց, այդ լրատվամիջոցներն իրենց թույլ են տվել քաղաքական ու քարոզչական ճղճիմ նպատակներով օգտագործել անգամ մահացած մարդու «արյունը»: Հայկ Հարությունյանի մահվան հանգամանքների դեռևս չբացահայտված լինելու, քրեական գործը նոր հարուցված լինելու պայմաններում նրան վերագրվել են մտքեր՝ ցինիկաբար ակնհայտորեն ելնելով այն հանգամանքից, որ նա դրանք հերքել կամ հաստատել չի կարող: Այդուհանդերձ, հարկ եմ համարում նշել, որ ՀՀ գլխավոր դատախազը երբևէ, որևէ միջոցով Հայկ Հարությունյանի հետ կոնտակտ չի ունեցել: Երկրորդ՝ քրեական գործի շրջանակներում այս պահի դրությամբ որևէ տվյալ չի ստացվել ականատես որևէ անձի կողմից նմանատիպ պնդումներ կամ հայտարարություններ արված լինելու վերաբերյալ: Տարօրինակ և խիստ հատկանշական է այն հանգամանքը, որ հենց կոնկրետ քարոզչական խնդիր լուծող լրատվամիջոցների կողմից է տարածվում նման ստահոդ, անբարո տեղեկատվությունը՝ նման ճղճիմ մեթոդներով փորձ կատարելով վարկաբեկելու քրեական հետապնդման մարմինների ղեկավարներին: Հաշվի առնելով Հայկ Հարությունյանի՝ հանրային մեծ հնչողություն ունեցող և կարևորագույն քրեական գործով առանցքային վկաներից մեկը լինելու հանգամանքը՝ Դատախազությունը առանձնահատուկ հետևողականություն է ցուցաբերելու նրա մահվան իրական հանգամանքները, դրդապատճառները բացահայտելու հարցում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր