Ավստրալիայի հայ ազգային կոմիտեի նախաձեռնությամբ սեպտեմբերի 20-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ավստրալիայի դաշնային խորհրդարանի ներկայացուցիչների պալատի պատգամավոր Թիմ Վիլսոնի գլխավորած պատվիրակության հետ:
«Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան՝ նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է Ավստրալիայի հետ հարաբերությունների ամրապնդումը և գործընկերության խորացումը։ Երկուստեք ընդգծվեց համագործակցության միջխորհրդարանական ձևաչափի դերը և կարևորվեց առկա ներուժի լիրաժեք օգտագործման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրումը:
Հանդիպման ընթացքում Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները և գերակայությունները՝ առանձնահատուկ ընդգծելով Հայաստանի շարունակական ջանքերը ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի առաջմղման գործում։