«Հանուն որակյալ կրթության» նախաձեռնությունն անդրադարձել է ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի՝ այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ արած մի շարք հայտարարություններին։
Նշենք, որ այսօր կայացած ասուլիսում ԲՈԿ նախագահը անդրադարձավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի ատենախոսության վերաբերյալ եղած խնդրին: Մասնավորապես ՀՊՏՀ մի ուսանող հետաքրքրվեց, թե ինչո՞ւ ԲՈԿ նախագահը անձնական գնահատական տվեց է Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավորի Ալեքսանդր Ազարյանի ատենախոսությանը, սակայն նույնը չի պատրաստվում անել Դիանա Գալոյանի ատենախոսության պարագայում, երբ դարձյալ նույն խնդիրն է:
Սմբատ Գոգյանը նշեց, որ Դիանա Գալոյանի վերաբերյալ նյութեր ստացվել են, 4 էջանոց հոդված է, տեղյակ է, որ այն մակագրվել է Գիտության կոմիտեին եւ հույս ունի, որ իրեն էլ կներգրավեն այդ աշխատանքների մեջ, ու այդ ամենի արդյունքում կկարողանան գնահատական տալ: «Քանի դեռ ոչ ոք պաշտոնական գնահատական չի տվել Դիանա Գալոյանի ատենախոսության վերաբերյալ, ոչ աշխատանքի հեղինակը, ոչ պետական որեւէ մարմնից, ես թույլ չեմ տա ինձ մեկնաբանել այն: Դատավոր Ազարյանի դեպքում հարցազրույցում ինքն ասել էր, որ իր ատենախոսության մեջ կա խնդիր` տեսական մասում, կա տեքստի համընկնում, ինչը չի համարում արտագրություն»,-ասաց Սմբատ Գոգյանը:
Այս ասուլիսից հետո «Հանուն որակյալ կրթության» նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ։
Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, տեղի է ունեցել ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի մամլո ասուլիսը, որին ներկա են եղել նաև մեր շարժման մասնակիցները։ Ուսանողների այն հարցին, թե ինչու ԲՈԿ-ը չի հայտնում իր կարծիքը Դ․ Գալոյանի գիտական աշխատություններում բացահայտված copy-paste դեպքերի վերաբերյալ այն դեպքում, երբ Ալեքսանդր Ազարյանի աշխատությունն անմիջապես ստացավ համապատասխան արձագանքը, ԲՈԿ նախագահն ասաց, որ վերջինս ընդունել է տեքստի բառացի համընկնման փաստը, այդ իսկ պատճառով իրավունք է վերապահվել հայտնել համապատասխան կարծիք, իսկ խոսելու հիմքը եղել է հենց Ա․ Ազարյանի կողմից տրված գնահատականը։ Դ․ Գալոյանի գիտական աշխատություններում բացահայտված դեպքերը մակագրվել են Գիտության կոմիտեին, որը կուսումնասիրի և կտա համապատասխան գնահատականը։ ԲՈԿ նախագահը խոսքը եզրափակեց նրանով, որ ուսանողները օգոստոսի վերջին ցանկացել են հանդիպել, բայց ոչ ոք չի եկել, իսկ պարոն Հայրապետյանը ինքն է ասել, որ չգան, ինչի մասին կա ֆեյսբուքյան երկխոսություն և պետք չի հրապարակավ շոու սարքել։ Այժմ․
1) Հարգելի՛ պարոն Գոգյան, այսինքն բացահայտ դեպքերի և ակադեմիական անբարեխղճության ակնհայտ դրսևորումների վերաբերյալ Դուք պատրաստ եք հրապարակավ կարծիք հայտնել միայն այն պարագայում, երբ դրսևորողներն իրե՞նք արտահայտեն այդ ամենի մասին իրենց կարծիքը։ Որքանո՞վ է այս մոտեցումը արդարացի և կառուցողական, որն է դրա հիմքը և որ կարգի հիման վրա եք Դուք նման որոշում կայացնում։
2) Ինչ վերաբերում է Ձեր այն դիտարկմանը, թե ուսանողները ներկայացել կամ չեն ներկայացել ԲՈԿ, մեզ համար թերևս անհասկանալի է դրա շահարկման առիթը կամ կարևորությունը այն պարագայում, երբ կիրառվում են նման երկակի ստանդարտներ այս հարցի շուրջ, բայց անդրադառնանք նաև դրան։ Այո, ուսանողները ցանկացել են գալ ԲՈԿ իրենց բողոքն արտահայտելու, բայց դա եղել է պարոն Հայրապետյանի ատենախոսության քննման օրը, ինչի մասին նա պատահաբար իմացել է և վերջիններիս խնդրել է դա չանել և չխոչընդոտել Ձեր գործունեություը։ Ուսանողները, վերջին հույսերը փայփայելով, որ եզրակացությունը լինելու է հնարավորինս անաչառ և զերծ անձը թիրախավորող ձևակերպումներից, որոշել են սպասել և չվնասել պրոցեսին։ Ի՞նչ նպատակով եք Դուք հանրայնացնում այդ երկխոսության գոյության փաստը, որը կա նաև պարոն Հայրապետյանի մոտ, մեզ համար անհասկանալի է։ Հարկ ենք համարում նշել, որ այդ այցը ոչ մի առնչություն չի ունեցել հետագայում բացահայտված դեպքերի վերաբերյալ, և այդ ուղղությամբ մեր քայլերը ոչ ոք չի սահմանափակել, ինչպես որ փորձում եք ներկայացնել Դուք՝ անտեսելով այս աղմուկի իրական պատճառները։
Հ․Գ․ այո, մենք մեր կրթությունը ստանալու ենք ցանկացած պարագայում, բայց խտրական, անարդար ու անազնիվ այս մթնոլորտում մեզ համար էական նշանակություն ունի, թե ով է ռեկտոր։ Սա էլ ի պատասխան այն հարգարժան տիկնոջ հարցին, որը նույնպես Ձեզ հետ էր։