00:00:00

Փաշինյանի ու նրա բերած գործադիր ու օրենսդիր մարմինների վարկանիշն անկում է ապրում․ Լարիսա Ալավերդյան

15:58, 13 սեպտեմբեր 2019

Ինչպես հայտնել ենք, այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի նկատմամբ «Հյուսիս-հարավ» ծրագրի գործով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու Քննչական կոմիտեի միջնորդությունը:
 
Հիշեցնենք՝ «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարության գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների կապակցությամբ Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործով Լյովա Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման և իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելու համար, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:
 
Նախկին նախագահի եղբոր փաստաբանը «Ազատության» հետ զրույցում նշել է ՝ իր պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը՝ պնդելով, թե առնչություն չունի իրեն մեղսագրվող արարքներին:
 
Ինչպես հայտնի է, մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Լյովա Սարգսյանի հետ կապված՝ այս աղմուկը պատահական չէ, որ հենց այս օրերին բարձրացավ․ պարզապես իշխանությունն ուզում է հասարակության ուշադրությունը շեղել Ամոււլսարի խնդրից, ինչպես եղավ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ձերբակալության պարագայում, երբ ակտիվորեն քննարկվում էր Ստամբուլյան կոնվենցիան, ու հասարակության բավական լայն շերտեր դեմ էին արտահայտվում դրան։
 
Անդրադառնալով վերնշյալ թեմային ու մեր թղթակցի նշած դիտարկմանը՝ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գորադիր տնօրեն, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը irakanum.am-ի հետ զրույցում նշեց․ «Սա պոպուլիստական քաղաքականության ձեռագիրն է։
 
Այսինքն՝ եթե, օրինակ, ձերբակալումն էլ չլինի, կլինի հասարակության կարծիքին ընդառաջ՝ որևէ աղմկահարույց գործ։ Հասարակության մեջ կա մի զանգված, որը շատ զգայուն է աղմկահայրույց գործընթացների նկատմամբ։
 
Աշխարհում պոպուլիստական այս գիծը, շարժումը, որակը շատ է տարածվել վերջին 7-10 տարիների ընթացքում։ Հարցն այն է, որ որոշ տեղերում սա արդեն իր գագաթնակետին չէ, անցել է այդ ժամանակը, իսկ ահա մեզ մոտ խիստ հակառան է․ դա աճում է, և գագաթնակետը դեռ առջևում է։
 
Եվ հարցի պատասխանն այստեղ է․ դա լինի Լյովա Սարգսյանը, Գագիկ Խաչատրյանը, մեկ ուրիշը, թե ուղղակի որևէ աղմկարարույց գործ, դրանք խորքային երևույների հետրանքներ են, այն է՝ պոպուլիզմը որպես ձեռագիր՝ այս նոր իշխանությունների քաղաքականության մեջ»։
 
Լարիսա Ալավերդյանը նշեց՝ համաձայն է այն պնդումներին, որ պատահական չէ, որ Լյովա Սարգսյանի հետ կապված՝ այս աղմուկը բարձրացավ հենց այս կօրերին, երբ ակտիվորեն ճննարկվում է Ամուլսարի հանքի շահագործման հարցը։
 
«Նախորդ իշխանությունների կենսագրությունը այնքան հարուստ է նման բաներով, որ ներկայիս իշխանությունը դրանք կարող է հիմա օգտագործել։ Այո՛, ես համաձայն եմ այն տեսակետին, որ սա ժամանակի առումով հենց դրա մասին է խոսում։ Ինչո՞ւ սրանից առաջ այս մասին չէին խոսում, չէ՞ որ այս թեման հայտնի էր վաղուց՝ նախքան այս իշխանության գալը։ Այսինքն՝ ինչո՞ւ հենց հիմա․ դրա համար էլ նշված այդ տեսակետն ունի հիմնավորում, ես գտնում եմ՝ դա պատճառներից մեկն է»։
 
Ինչպես հայտնի է, վերջին շրջանում մամուլում քննարկվում է այն հարցը, որ, միգուցե, արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն, առավել ևս, որ Փաշինյանը Ամուլսարի հարցում գոնե հիմա պնդում է՝ հիմքեր չկան, որ հանքը չշահագործվի։
 
Հարցին՝ հավանական համարո՞ւմ եք, որ առաջիկայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն և դրա անհրաժեշտությունն առաջանա, Լարիսա Ալավերդյանը պատասխանեց․ ««Առաջկայում» ասվածի հետ համաձայն չեմ, քանի որ որքան էլ խոսենք այն մասին, որ Փաշինյանի ու նրա բերած գործադիր ու օրենսդիր մարմինների վարկանիշն անկում է ապրում, այնուամենայնիվ, պետք է հստակեցնեմ՝ մեկ է՝ իշխանությունը բավական ամուր խմբեր ու ներքին կենտրոններ ունի, այնպես որ, չեմ կարծում, որ դա այսպես արագ լինի։
 
Իսկ որ այդ թեման մտել է շրջանառության մեջ, ինչպես ասում են, առանց կրակ ծուխ չի լինում, այսինքն՝ դա արդեն իսկ նշան է նաև ռեյտինգի հետ կապված։ Ինչպես ասացի, հենց Փաշինյանի վարկանիշն էլ է ընկել։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված լուրերի՝ շրջանառության մեջ հայտնվելը խոսում է այն մասին, որ արդեն կան այդպիսի տրամադրություններ, բայց չեմ կարծում, որ դա կլինի մոտակա ժամանակներում», - եզրափակեց Լարիսա Ալավերդյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր