00:00:00

Ալեքսանդր Չեֆերին. Վստահ եմ, որ հայկական ֆուտբոլը միայն առաջ է շարժվելու

22:33, 06 սեպտեմբեր 2019

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը սեպտեմբերի 6-ին այցելեց Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: ՀՖՖ առաջին փոխնախագահ, առաջին քարտուղար Արմեն Մելիքբեկյանի հետ միասին Ալեքսանդրը Չեֆերինը շրջեց տարածքով, ծանոթացավ կոմբինատի պատմությանը: ՈՒԵՖԱ-ի նախագահին նաև նվիրաբերվեց անվանական կոնյակի տակառ: Շրջայցից հետո Ալեքսանդր Չեֆերինը բացառիկ հարցազրույց է տվել ՀՖՖ-ին՝ նշելով, որ ՈՒԵՖԱ-ի կողմից հայկական ֆուտբոլին տրամադրվող աջակցությունը կմեծանա: «Շատ լավ երեկո էր, հոյակապ խաղ ստացվեց: Ֆուտբոլասերները հրաշալի աջակցություն ապահովեցին: Հավատացեք, շատ հանդիպումներ եմ դիտել ու կարող եմ ասել, որ լավ հավաքական ունեք: Իրոք, շատ լավ: Կարծում եմ, որ հաջորդ խաղում հաղթելու բոլոր շանսերն ունեք: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հիանալի աշխատանք է կատարում: Մենք ընկերական, ջերմ հարաբերություններ ենք հաստատել, ու վստահ եմ, որ հայկական ֆուտբոլը միայն առաջ է շարժվելու: ՈՒԵՖԱ-ն եվրոպական ֆուտբոլի ղեկավար մարմինն է: Մենք ոչ միայն Ա կարգի մրցաշարեր ենք կազմակերպում, որտեղ ֆուտբոլային հզորագույն երկրներն են պայքարում, այլ նաև պարտավոր ենք զարգացնել ֆուտբոլը եվրոպական ընտանիքի բոլոր 55 երկրներում: Չեմ ցանկանում առաջ անցնել, բայց ՈՒԵՖԱ-ի կողմից հատկացվող համերաշխության գումարները կզարմացնեն ձեզ»,- ասել է ՈւԵՖԱ-ի նախագահը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր