ՀՊՏՀ ուսանողներին աջակցող նույն համալսարանի դասախոս Տիգրան Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մենք շատ բան ունենք սովորելու մեր ուսանողներից. նրանք արդարամիտ են, հասկացող, պայքարող, չհանձնվող:
Այսօրվանից պետք է պայքարել կրկնակի եռանդով. մեր հրաշք ուսանողների պայքարը պետք է հաջողի: Նրանք ոչ մի դեպքում չպետք է պարտվեն, նրանց արդարամտությունն ու պահանջատիրությունը չպետք է մարի:
Հարգելի գործընկեր դասավանդողներ, այս պահին բոլորիս մարդկային և մասնագիտական պարտքն է լինել ուսանողի կողքին, աջակցել նրան ոչ միայն խոսքով, այլև գործով: Եթե դուք հենց հիմա նրանցից երես թեքեք, այլևս երբեք չեք կարողանա մաքուր խղճով հետ շրջվել:
Սովորեք ձեր ուսանողներից: Եղեք նրանց կողքին նրանց բոլոր նախաձեռնություններում և ցույց տվեք, որ դասախոսն արժեք է:
Վաղը ժամը 9:30, համաձայն դասացուցակի, ունեմ դաս 207 լսարանում: Առաջնորդվելով <<Վերջնարդյունքներին համապատասխան դասավանդման, ուսումնառության և գնահատման կարգի>> 21-րդ կետով՝ հրավիրել եմ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանին՝ որպես հրավիրյալ մասնագետ»: