Գյումրիում արդեն մի քանի օր է՝ խոսակցության թեման 1-ամյա այն փոքրիկն է, որը զրկվել էր կյանքից մոր ձեռամբ:
Հիշեցնենք, մայրը 1-ամյա աղջիկ երեխային նետել էր Շիրակացի փողոցում տեղայակված աղբարկղերից մեկը՝ նախապես կապելով ձեռքերն ու ոտքերը, բերանը փակելով կիսաշրջազգեստով: Ըստ որոշ տեղեկությունների՝ երեխան կենդանի է նետվել աղբարկղ, որտեղ էլ մահացել է: Ավելի ուշ, երեխային գտել էին գյումրեցիները՝ քաղաքային աղբանոցում:
Նախօրեին Գյումրիում տեղի է ունեցել փոքրիկ Գայանեի հուղարկավորությունը, իսկ երեկ ինքնահողը: Նրան քննչական մարմինները հանձնել են հոր հարազատներին եւ հայրական կողմն էլ երեխային հուղարկավորել է ընտանեկան գերեզմանոցում:
Մեզ նաեւ որոշակի այլ մանրամասներ է հայտնի դարձել: Ըստ տեղեկությունների 20-ամյա Անի Մինասյանը մինչեւ երեխայի հետ ամուսնու տնից հեռանալը, մի քանի օր անհետացել է՝ իր հետ տանելով ոսկեղենը: Այնուհետ վերադարձել է, հետո հեռացել այս անգամ երեխայի հետ: Թե որն է ընտանիքի անախորժության պատճառը, հայտնի չէ: Բայց ընտանիքը, ուր ապրում էր Անին եւ իր 1-ամյա փոքրիկը համեստ ընտանիքի համբավ ունի թաղում: Ամուսու՝ Արթուրի մայրը, հայրը պարկեշտ ու լավ մարդիկ են:
Ըստ տեղեկությունների՝ Անիին ոստիկանության ձեռքը հանձնել է սեփական տատը: Անին ծնողներ չի ունեցել. Մայրը մահացել է շատ վաղ հասակում,իսկ հայրը՝ արտերկրում: Ինչպես Անիին, այնպես էլ եղբայրներին խնամել է տատը:
Ոստիկանության մեր աղբյուրների փոխանցմամբ էլ՝ 20-ամյա Անին հարցաքննության ժամանակ շատ ծանր վիճակում է եղել. Նա անգամ ողբացել եւ երեխային է պահանջել՝ ասելով, որ անիմաստ է այլեւս ապրել երեխային կորցնելուց հետո:
Այժմ նշանակված է դատահոգեբանական փորձաքննություն, որը պարզելու է, թե ինչ հոգեվիճակում է գտնվել մայրը, արդյոք նա գիտակցել է այդ պահին իր արարքի վտանգավորությունը: