Համահայկականխաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը խաղերում ունեցած ներդրման համար մեդալով պարգևատրեց երգիչներ Թաթա Սիմոնյանին, Արման Հովհաննիսյանին և թուրքագետ Աշոտ Սողոմոնյանին: Իշխան Զաքարյանը բարձր գնահատեց նրանց մասնակցությունը և հույս հայտեց, որ գործակցությունը կշարունակվի:
«Համահայկականը կշարունակի իր գործունեությունը, իսկ հայակականությունը մեր մեջ է»,- ասաց Զաքարյանը:
Թուրքագետ Աշոտ Սողոմոնյանը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի հետ գործակցել է 2015 թվականից: Այն ժամանակ նույնպես Համահայկականի ջահը վառվել է Արևմտյան Հայաստանում՝ Վանում, իսկ այս անգամ՝ Մուսա լեռան ստորոտին:
«Որոշեցինք, որ Համահայկականի ջահը հաղթական Արցախ կգա մեր հայրենիքի մեկ այլ պատմական ու հաղթական վայրից՝ Մուսա լեռից»,- ասաց Աշոտ Սողոմոնյանը:
Թաթա Սիմոնյանը կարևորեց Համահայկական 7- րդ ամառային խաղերի բացումն Արցախում:
«Համահայկական խաղերն օգնում են ճանաչել այլ երկրներում ապրող մեր հայրենակիցներին, շփվել նրանց հետ մոտիկից, դա շատ կարևոր է»,- ասաց Թաթա Սիմոնյանը:
Արման Հովհաննիսյանը հայրենասիրական մեծ նախաձեռնություն որակեց Համահայկական խաղերը:
«Մեծ սիրով եմ մասնակցում Համահայկականի միջոցառումներին, անբացատրելի զգացողություններ եմ ունենում: Շատ շնորհակալություն Իշխան Զաքարյանին և մյուս կազմակերպիչներին»,- ասաց Արման Հովհաննյսյանը: