00:00:00

Ռեալիզմ, որը վերածվեց գույնի ու փայլի հետ խաղի. կայացավ Սոնա Հակոբյանի «Call It Magic» խորագրով ցուցահանդեսը

22:04, 12 օգոստոս 2019 Մշակույթ

Նա նկարում է ոճով, որի անվանումը դեռևս չի հորինել, նկարել է մատիտով, սակայն յուղաներկն օգտագործելուց հետո մատիտը վայր է դրել: Խոսքը երիտասարդ նկարչուհի Սոնա Հակոբյանի մասին է, որն իր անհատական ցուցահանդեսն ունեցավ: Նկարչուհու համար «Call It Magic» խորագրով ցուցահանդեսն առաջին մասշտաբային ցուցահանդես էր, որի ընթացքում հեղինակը  մոտ 50 աշխատանք ներկայացրեց՝ հիմնականում դիմանարներ: 24-ամյան նկարչուհի նկարում է այն, ինչ այդ պահին զգում է, իսկ նա նկարում է մանկուց՝ այդ թվում դիմանկարներ: «Որքան ինձ հիշում եմ, նկարել եմ: 14 տարեկանում ընդունվեցի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ, 2013-ին ավարտեցի ու հրավեր ստացա սովորելու Ստավրոպոլի գեղարվեստի ակադեմիայում: Այնտեղի դեկանը եկել էր Թերլեմեզյան 1 ուսանող ընտրելու համար: Նկարներս տեսնելուց հետո ինձ ընտրեց, սակայն հայրս թույլ չտվեց մենակ մեկնել երկրից: Դրանից հետո կտրականապես հրաժարվեցի նկարել: 4 տարվա դադարից հետո 2017-ին նորից սկսեցի նկարել»,- պատմեց Սոնան: Գույներ, սվարովսկի քարեր, փայլեր, ռեալիզիմի և իլուստրացիայի համադրում. այս ամենը մեկտեղվել է երիտասարդ նկարչուհի Սոնա Հակոբյանի նկարներում: Նա հնարավորություն է ունեցել  մասնակցել  օտարերկրյա ցուցահանդեսների, նկարները հավանել են, սակայն երկրից դուրս գալու հետ կապված ընտանիքում խնդիրներ է ունեցել: Այսօր նա նաև ժպիտով հիշեց, որ տարիներ առաջ Ջոկերի դիմանկարն Ինստագրամում հավանել էր դերակատարը՝ Ջարեդ Լետոն։ «Նկարչությունը Հայաստանում մեծ պահանջարկ չունի: Հայաստանում համարում են, որ եթե դու ցուցահանդես չես ունեցել, ուրեմն համարվում ես պադվալային նկարչուհի: Նկարչությունը մեր երկրում գնահատված չէ, շատերը համարում են, եթե դու դարձել ես նկարչուհի, ուրեմն չես կարողացել այլ հաստատություն ընդունվել: Մինչդեռ սա ապրելակերպ է»,- ասաց Սոնա Հահոբյանը: Նկարչուհին ի սկզբանե ընտրել էր ռեալիզմի ուղղությունը, հետո նկարներում սկսել է իմպրովիզներ անել, այօսր դժվարանում է ասել, թե ինչպես է կոչվում իր ոճը: «Երբ դադարից հետո սկսեցի նկարել, որոշեցի անել մի բան, որն ուրիշները չեն անում: Երբ ինձ ասում են՝ ինչպե՞ս է կոչվում ոճդ, ասում եմ՝ չգիտեմ, ես ինչ-որ մեկի ոճը չեմ վերցրել: Ես դեռ չեմ տեսել, որ մարդիկ միքսեն ռեալիզմը իլյուստրացիայի հետ: Ես վերցրել եմ ռեալիզմը, որի հիման վրա ստեղծել եմ իմ ոճը»,- ասաց Սոնան, ով շատ է սիրում իր նկարներում օգտագործել փայլեր, միաժամանակ շեշտում է փայլերի կիրառման սահմանը շատ նուրբ է՝ պետք է կարողանաս ընտրել ճիշտ չափը: «Փայլն այնպիսի բան է, որը գեղեցիկ չօգտագործելու դեպքում հակառակ ազդեցություն կունենա՝ կդառնա աշխարհի ամենատգեղ նկարը: Մայրս մատնահարդար է, մի օր վերցրեցի իր փայլերն ու օգտագործեցի նկարներիս մեջ: Տեսա, որ շատ գեղեցիկ ստացվեց: Սկսեցի ավելի շատ ուշադրություն դարձնել որակին: Նկարներիս մեծ մասում  սվարովսկի քարեր եմ օգտագործում: Էժան նյութերով չեմ նկարում, քանի որ որակն առաջնային է: Թեև Հայաստանում փայլերի կիրառությունը շատ չեն ընդունում: Այստեղ ինձ ասում են՝ փայլը լցրել ես, որպեսզի նկարներիդ թերությունները շտկես, իսկ արտերկրի մրցույթներին նկարներս ուղարկելիս կամ ինչ-որ հարթակներում տեղադրելիս շատ դրական արձագանքներ եմ ստանում: Ժամանակին ամեն կարծիք հաշվի էի առնում, հիմա մեծացել եմ ու ունեմ իմ մոտեցումը»,- եզրափակեց Սոնա Հակոբյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր