00:00:00

Մերժվածների դասական ոճին հարիր հերթական պատասխանը՝ այս անգամ ՊԵԿ-ից․ ՀԲՃ

15:09, 11 հուլիս 2019

2018 թվականի հունիսի 26-ին հերթական հարցումն էինք ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմ։ Հաշվի առնելով նախորդ մի շարք հարցումների ոդիսականները՝ հնարավորինս պարզ և հակիրճ էինք ձևակերպել մեր հարցադրումները: Հարցումը վերահասցեագրվել էր ՀՀ պետական եկամուտների կոմիտե, որտեղից ստացել ենք նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի ստորագրությամբ հաստատված այս «հանճարեղ» պատասխանը (տես լուսանկարում)։ Այս գրությունը կարդալիս ճիշտն ասած կասկած առաջացավ, որ երևի ՊԵԿ-ում պատահաբար սխալվել են ու մեկ այլ հարցման պատասխանն են ուղարկել մեզ։ Զանգեցինք գրության կատարողին և խոսակցության արդյունքում պարզեցինք, որ սա իսկապես մեր հարցման պատասխանն է։ Ավելին՝ ՊԵԿ-ի աշխատակից Կարեն Հայրունին վստահ էր, որ իրենք լիարժեք պատասխանել են մեր հարցմանը։ Որպեսզի պարզ լինի, թե ինչ աբսուրդի մասին է խոսքը՝ ներկայացնենք, թե ինչ էինք ուզում իմանալ ՀՀ կառավարությունից։ Մենք ընդամենը խնդրել էինք տրամադրել հետևյալ տեղեկությունները․ 1. Արդյո՞ք երբևէ ստուգվել է Հայաստանից արտահանվող մետաղների խտանյութերի մեջ եղած բոլոր արժեքավոր տարրերի պարունակությունը։ 2. Եթե այո, ապա ո՞ր պետական կառույցի կողմից, ի՞նչ պարբերականությամբ, և ինչպե՞ս է կարելի ծանոթանալ այդ տվյալներին։ Առաջին հարցին հստակ պատասխանելու փոխարեն ՊԵԿ-ում չգիտես ինչու որոշել են մեզ տեղեկացնել ԵԱՏՄ-ի 2012 թվականի ինչ-որ որոշման գոյության և դրանով սահմանված «հանքաքարեր» եզրույթի մասին։ Իսկ դրանից հետո էլ՝ երկրորդ հարցի մեջ նշված կետերին հստակ պատասխանելու փոխարեն, հղում են տվել առաջին պարբերության մեջ գրած և մեր հարցադրումների հետ ընդհանրապես ոչ մի առնչություն չունեցող տեղեկություններին ու տեղեկացրել, որ նույն ԵԱՏՄ-ի կանոնակարգերի շրջանակներում խտանյութ արտահանող ընկերությունից պահանջվում է փորձագիտական եզրակացություն յուրաքանչյուր խմբաքանակի բաղադրության վերաբերյալ։ Այս պատասխանը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ մերժվածների տասնյակ տարիների գործելաոճը խորն արմատներ է ձգել պետական համակարգում և այդպես էլ արմատախիլ չի արվում։ Մենք այդպես էլ չիմացանք, թե արդյո՞ք անկախ Հայաստանում որևէ պետական կառույց երբևէ ստուգել է երկրից արտահանված խտանյութի բաղադրությունը։ Չիմացանք, թե ո՞ր պետական կառույցն է դա արել, եթե արել է, ապա ի՞նչ պարբերականությամբ։ Եվ ամենակարևորը, այդպես էլ չիմացանք, թե ՀՀ քաղաքացիներն ինչպե՞ս են կարող իմանալ, թե ժողովրդին պատկանող ընդերքի շահագործման արդյունքում ինչ է իրականում արտահանվում մեր երկրից։ Նաև ՊԵԿ-ին ուզում ենք հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունն անկախ պետություն է և գոյություն է ունեցել 2012 թվականի ԵԱՏՄ-ի իրենց նշած որոշումից շատ առաջ, և երկրից երկու տասնամյակ շարունակ արտահանվել է տարբեր մետաղների խտանյութ: Բացարձակ անհասկանալի է, թե մեր հարցադրումներին հստակ պատասխանելու փոխարեն ինչո՞ւ է ընդհանրապես նշված այդ կառույցի անվանումն ու հղում է արվում նրա որոշումներին։ Քանի որ մեր հարցադրումներին ըստ էության պատասխան չի տրվել, չեն տրամադրվել պահանջված տեղեկությունները, իսկ նմանատիպ բովանդակությամբ պատասխանն ուղղակի անընդունելի է հետհեղափոխական Հայաստանում՝ մենք կփորձենք վերականգնել ՀՀ քաղաքացիների այս տեղեկություններն իմանալու իրավունքը։ Այս խնդրի առնչությամբ արդեն իսկ դիմել ենք Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակ՝ խնդրելով քննել հարցը և վերականգնել մեր խախտված իրավունքները։ Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնություն Էլ․ փոստ՝ [email protected]    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր