Աժ-ում «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» օրեննքի նախագծի քննարկման ընթացքում ելույթ ունեցավ նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։
Նախագծով առաջարկում են վարչապետի աշխատակազմում ստեղծել ՄԻԵԴ-ում լիազոր ներկայացուցչի վարչական պաշտոն և նրան աջակցող գրասենյակ։
«Անուններ չեմ հնչեցնի, բայց կարծում եմ՝ պետք չէ Նոստրադամուսը լինել՝ հիշելու հենց այսօր պաշտոնավարող որոշ պաշտոնյաներ, որոնց յուրաքանչյուր հրապարակային ելույթը «Երալաշ»-ի համար փայլուն թեմա է։ Շատ լուրջ դեմքով իրենց արած քաղաքական վերլուծությունները, կարծում եմ, մի օր մնալու են հայ քաղաքական պատմության մեջ՝ որպես աբսուրդի շեդեվրներ, այնպես որ, մի՛ զարմացեք, որ կարող են լինել նաև այդպիսի նշանակումներ», - ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Պատգամավորը նշեց՝ ինքը՝ որպես ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողողովի նախագահ՝ զբաղվում է մի քաղաքացու գորով, որի գործը ՄԻԵԴ-ում է գտնվում։
«Եվ մեր ներկայացուցչի խիստ մասնավոր, սուբյեկտիվ, անձնական վերաբերմունքը այդ անձի նկատմամբ ինձ իրավունք է տալիս ենթադրելու, որ այնպես չէ, որ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը բացարձակ անաչառ է։
Ես տեսնում եմ՝ Նիկոլայ Բաղդասարյանը ժպտում է․ կարծում եմ՝ ինքը գիտի՝ ում մասին է խոսքը։ Շատ ավելի լավ կլիննի, որ անձնական էմոցիաները թողնենք մի կողմ, չմտածենք՝ ոչ մի իշխանություն այնքան ոչ ողջախոհ չի գտնվի, որ սրան կամ նրան չնշանակի, եկե՛ք օրենքով ամրագրենք այն, ինչը հաստատել է հանձնաժողովը», - ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Ընդգծենք, որ Կառավարության կողմից ներկայացված «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթն ընդունվեց 72 կողմ, 21 դեմ և 7 ձեռնպահ արդյունքով․ ԼՀԿ-ն դեմ քվեարկեց այս նախագծին։