ՀՀ նախկին վարչապետ, Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյաի դեմ հարուցված քրեական գործից որեւէ նորություն չկա: Հատուկ քննչական ծառայությունից փոխանցեցին, որ գործը նախաքննության փուլում է:
Հիշեցնենք, որ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորություններն անցնելու (Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի առաջին մաս) և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու (ՔՕ 310-րդ հոդված) համար։
Նախորդ տարվա օգոստոսի 30-ին Քննչական կոմիտեն հայտարարեց Հովիկ Աբրահամյանի, ինչպես նաև նախկին ոստիկանապետ, Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանի կողմից լիազորություններն անցնելու, խարդախություն կատարելու առերևույթ դեպքերի վերաբերյալ և որոշում կայացրեց գործն ուղարկել Հատուկ քննչական ծառայություն։ Քրեական գործի շրջանակում պարզվել էր, որ դեռ 2000 թվականին հիմնադրված «Ավազահատիկ» ընկերությունը Արարատի մարզում զբաղվել է հանքարդյունաբերությամբ՝ ներգրավելով վարկային միջոցներ, կատարել է շուրջ 80 հազար դոլարի ներդրում, ձեռք է բերել ավազի լվացման և մաղման հոսքագծեր։
Սակայն 2008 թվականին բարձրաստիճան պաշտոնատար անձինք ստեղծել են արհեստական խոչընդոտներ՝ պահանջելով ընկերության բաժնեմասերի 60 տոկոսը՝ նշելով, որ հակառակ պարագայում հանքերը չեն շահագործվի, ընդ որում, բաժնեմասերի 60 տոկոսը պահանջել են ձևակերպել երկու տարբեր անձանց անունով՝ յուրաքանչյուրին 30 տոկոս։ Հիշեցնենք, որ մեկ այլ գործով էլ և Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանն էր ներգրավված քրեական գործում:
Նրան մեղադրանք էր առաջադրվել ապօրինի զենք և ռազմամթերք պահելու համար: ՀՔԾ մեր աղբյուրների փոխանցմամաբ՝ այս գործը միացվել է Մարտի մեկի ընդհանուր գործին: ՀՔԾ-ից պաշտոնապես տեղեկացնում են, որ Հովիկ Աբրահամյանը մի քանի անգամ հարցաքննվել է: Հովիկ Աբրահամյանի համար որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը երկրից չհեռանալու մասին:
Սակայն, ՀՔԾ մեր աղբյուրը տեղեկացրեց, որ խիստ անհրաժեշտության դեպքում, եթե պետք լինի նախաքննական մարմնի թույլտվությամբ կարող է երկրից դուրս գալ: ՀՔԾ մեր մեկ այլ հավաստի աղբյուր էլ ասաց, որ Հովիկ Աբրահամյանի անձնագիրը նախաքննական մարմնի մոտ է: Թեմայի շուրջ փորձեցինք զրուցել նաեւ Հովիկ Աբրահամյանի հետ, բայց նա մեր զանգերին չպատասխանեց: