Ինչպես հայտնել ենք, ԱԺ-ում քննարկվում է ՍԴ դատավորի ընտրության հարցը, առաջադրված թեկնածուն Վահե Գրիգորյանն է, որին նախագահը երկրորդ անգամ է առաջադրել այս պաշտոնում: ԱԺ ամբիոնից իր ելույթի ընթացքում ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը հիշեցրեց՝ ԲՀԿ-ականներն ազատ են լինելու Վահե Գրիգորյանին ընտրության հարցում, հետևաբար այդ ընտրությունը պայմանավորված է լինելու ոչ միայն նախնական ճանաչողությամբ, այլև այսօր հնչող հարցերի ու պատասխանների շրջանակում։ Մասնագիտությամբ իրավաբան Գևորգ Պետրոսյանը նշեց՝ տեսական հարցադրումներ չի արել, քանի որ չի ցանկացել, որ ոմանք մեղադրեն, ասեն՝ հիմա էլ այստեղ է դասախոսություն է կարդում, ուստի պատգամավորը հանդես եկավ հայտարարությամբ։
Դիմելով Վահե Գրիգորյանին՝ Գևորգ Պետրոսյանը նշեց․ «Մի քանի անգամ հասցրել եք հանդես գալ այն պնդումով, որ ՍԴ դատարանի անդամի ընտրությունը քաղաքական է։ Կարծում եմ՝ շատ լավ հասկանում եք՝ ինչ վտանգներ է պարունակում Ձեր այդ պնդումը։ Այսինքն՝ արդարադատության համակարգը որ ցանկանում եք փոխել, անցումային դարձնել, ձեր ամբողջ նպատակն այն է, որ անկախ դատական համակարգ ապահովեք։ Հիմա այս ցանկության, այս ֆոնի վրա ո՞նց եք պատկերացնում, որ ՍԴ-ն քաղաքական կոմպոնենտով ձևավորվի։ Այսինքն՝ մի ձեռքով ասում եք՝ անկախ դատարան ենք ուզում, այս դատարանները այսպես ասած՝ իշխանությունների կրունկի տակ են, մյուս ձեռքով էլ ուզում եք ասել՝ այդ քաղաքական ազդեցությունը պահպանե՞նք։ Բա պարզ չէ՞, որ եթե ՍԴ անդամ լինեք Դուք կամ այլ մարդ (անձերից վերանանք), եթե նա ընտրվել է քաղաքական խողովակներով ու շարժառիթներով, նա չի կարող չծառայել քաղաքական ուժին։ Որպես Ձեր ապագա պաշտոնավարման անկախության երաշխիք՝ հետաքրքկիր փաստ եք ներկայացնում, ասում եք՝ մենք ոչ թե այդ պոտենցիալ ճնշողների հետ խաշի կամ խորովածի սեղանին եք ծանոթացել, այլ բանտում։ Այնտեղ մեկդ մյուսին օգնել եք․ եղբա՛յր, բա Ձեր բանտային պայմաններում Ձեզ օգնած մարդը որ օգնություն հայցի, ո՞նց եք ձեր բանտային օրերօ վառ հիշողությունները ինչպե՞ս եք անտեսելու։ Մի՞թե մյուս թեկնածուները, որ այստեղ չընտրվեցին, տապալվեցին, նրանց միակ թերությունն այն էր, որ նրանք բանտում չէին գտնվել։
Ակնկալում եմ, որ ոչ թե բանտային անցյալը պետք է կարևորել, այլ մասնագիտական որակները, ունակությունները, փորձը, իրավագիտության ոլորտում ունեցած ներդրումները», - ասաց Գևորգ Պետրոսյանը։ Նա շեշտեց՝ Վահե Գրիգորյանն ասել է՝ ՀՀ նախագահը լեգիտիմ չէ։ Գևորգ Պետրոսյանը ասաց՝ գուցե, Վահե Գրիգորյանը փորձի տալ այն բացատրությունը, որն արդեն տվել է, ինչ-որ բան բացատել, բայց դա դժվար թե կասկածները փարատի։
«Դուք ասում եք՝ ՀՀ նախագահը լեգիտիմ չէ, այդ դեպքում Դուք այստեղ ի՞նչ գործ ունեք կամ մենք այստեղ ի՞նչ գործ ունենք։ Իսկ կարո՞ղ է հանկարծ ՀՀ նախագահը որոշի առաջնորդվելով Սայմանադրության 169-րդ հոդվածով ու դիմի ՍԴ, Դուք էլ այս համոզմունքով ասեք՝ Դուք լեգիտիմ նախագահ չեք, չեմ ուսումնասիրում այդ դիմումը։ Փոխանակ մի բան էլ փորձեիք Ձեր ասածը խմբագրել հանուն ճշմարտության, շուռ եք գալիս, ասում եք՝ որ տենց լիներ, ուրեմն ԱԺ-ն էլ լեգիտիմ չէ։ Բա մենք այստեղ ի՞նչ ենք անում, պարապ ենք մնացել, եկել ենք այստեղ ինքնահիացմա՞մբ ենք զբաղված», - ասաց Գևորգ Պետրոսյանը։