00:00:00

ԵԽ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը վստահ է, որ Հայաստանը կարող է առաջընթաց գրանցել ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին

22:58, 17 հունիս 2019

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն, խորհրդարանական վեհաժողովը, ինչպես նաև գլխավոր քարտուղարը ողջունում են Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնառությունը` շարունակելու երկրում ժողովրդավարական բարեփոխումները:   Եվրոպայի խորհրդի «Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2019-2022 թվականների երրորդ ծրագրի» մեկնարկին նվիրված միջոցառմանն այս մասին ասաց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի-Դրագոնին՝ նշելով, որ սա ԵԽ-ի հետ համատեղ  Հայաստանի երրորդ ծրագիրն է, իսկ նախորդ երկու ծրագրերում երկիրը արդեն իսկ գրանցել է որոշ հաջողություններ արդարադատության, ՔԿՀ-ներում առողջապահության, Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության և այլ ոլորտներում: «Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն, խորհրդարանական վեհաժողովը, ինչպես նաև գլխավոր քարտուղարը խրախուսել են շարունակել առաջընթացը, մասնավորապես` ավելացնել դատական համակարգի անկախությունը, ընդունել նոր քրեական և քրեական դատավարության օրենսգիրք, ստեղծել նոր կառույցներ , որոնք կզբաղվեն կոռուպցիայի  ու խտրականության դեմ պայքարով»,- ասաց Բատաինի-Դրագոնին: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալը վստահություն հայտնեց, որ ԵԽ-ի հետ միասին Հայաստանը կարող է առաջ շարժվել և հասնել ավելիին: «Բազմաթիվ աշխատանքներ պետք է կատարել, և առաջընթացը կախված կլինի մեր միասնական ջանքերից: Հայաստանի կառավարությունը հստակ հանձնառություն ունի ժողովրդավարությունը և իրավունքի գերակայությունն էլ ավելի ամրապնդելու ուղղությամբ: Այդ հանձնառությունը կենսական կարևորություն ունի և ողջունելի է, սակայն գործողությունների ծրագրի նպատակների համար անհրաժեշտ է նաև սերտ համագործակցություն Եվրամիության և այլ գործընկերների հետ»,- ընդգծեց ԵԽ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը: Նա ասաց, որ բոլորի շահերից է բխում  բաց խոսել առկա խնդիրների մասին, ինչը և անում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Նա պարզ ասաց, որ անհրաժեշտ է ավելի ապակենտրոնացնել իշխանությունը, արմատախիլ անել համակարգային կոռուպցիան և ամենակարևորը`  ապահովել դատական համակարգի անկախությունը ու արդյունավետությունը: Գործողությունների այս ծրագիրը սատարում է բոլոր այդ նպատակների իրականացմանը, որոնք ավելի արդիական են դառնում Հայաստանի այսօրվա քաղաքական իրավիճակում: Մենք պատրաստ ենք ուղեկից լինել այս կարևոր բարեփոխումների ճանապարհին»,- եզրափակեց Գաբրիելա Բատաինի-Դրագոնին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր