Ընդհանուր առմամբ, օպտիմալացում տեղի է ունեցել մի քանի վարչական շրջաններում՝ այդ շրջանների ղեկավարների քմահաճույքներից ելնելով, որոշ անձանց հետ լեզու չգտնելուց ելնելով: Այս մասին այսօր, Երեւանի ավագանու արտահերթ նիստում հայտարարեց «Լույս» խմբակցության անդամ Թեհմինե Վարդանյանը:
«Պարոնայք վարչական շրջանների ղեկավարներ, հիշեք, որ ինչպես դուք եք եկել, մի օր գնալու եք: Ոչ ոք «կաշչեյ բեսմերտնին» չէ, բոլորն էլ գնալու են: Հույս ունեմ, որ վարչական շրջանների ղեկավարներից շատերը շուտ կլքեն իրենց պաշտոնները: Խնդրում եք քանդուքարափ մի արեք եղածը»,-ասաց նա:
Արտահերթ նիստի ժամանակ վիճաբանություն տեղի ունեցավ նաեւ «Լույս» խմբակցության անդամների և Երևանի քաղաքապետի միջև: Պատճառն այն է, որ ավագանու նիստին նոր աշխատակիցներ կային, որոնց ընդդիմադիր խմբակցության անդամները չէին ճանաչում: Սակայն իրավիճակը թեժացավ Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հարցի քննարկան ժամանակ: «Լույս» դաշինքից Անի Խաչատրյանը հայտարարեց. «Այս պարոնն ո՞վ է, չենք ճանաչում: Այսինքն՝ գիտեն, որ այդ հաստիքացուցակը հաստատվում է, արդեն պաշտոնակատար ունե՞նք: Միգուցե չի ընդունվում»: Հայկ Մարությանն ասաց, որ անիմաստ է համարում այդ հարցերին պատասխանել: Նա առաջարկեց հարցերի մասին տեղեկանալու համար հետևել իրենց եթերներին: