Երևանի քաղաքապետարանի տարբեր վարչություններում 3-4 անգամ աշխատանքների ծավալները մեծացել են, և նոր հաստիքների անհրաժեշտություն կա: Այս մասին ավագանու այսօրվա արտահերթ նիստում Երևանի քաղաքապետարանի հաստիքների օպտիմալացման ուղղությամբ տարված աշխատանքի արդյունքների ներկայացման ժամանակ ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:
<<Եթե դուք ասում եք՝ արդյոք պետք է շատացնել տարբեր վարչություններում հաստքիները, այո, ես կարող եմ ասել՝ շատ է պետք: Բայց մենք մի կերպ ճկռալով աշխատում ենք, որ չշատացնենք: Մենք ճարտարապետականով պետք է բարձրացնենք, իրավաբանական վարչությունում, անշարժ գույքի կառավարման վարչությունում պետք է բարձրացնենք: Այդ վարչության պետերն անընդհատ ինձ գալիս ու զեկուցում են՝ չենք հասցնում, պարոն քաղաքապետ, մեզ մարդ է պետք:
Ես ասում եմ՝ տղերք ջան, դիմացեք, խնդրում եմ ավել աշխատեք, ավելի պրոդուկտիվ ու ինտենսիվ աշխատեք, մենք չենք ուզում այս պահին այս մասով բարձրացնել հաստիքները: Բայց, այո, օպտիմալացում չի նշանակում միայն կրճատում, կարող է մի պահ գալ, որ հաստիքների ավելացում լինի: Այս պահին այս հաստիքացուցակը որ կա, շատ մեծ դժվարությամբ մարսում է այն դիմումների քանակը, որոնք գալիս են>>,- ասաց քաղաքապետը: