00:00:00

«Իշխանությունները պետք է ավելի հանդուրժող լինեն, ոչ թե վիրավորանքը քրեականացնող նախագծեր  մշակեն»

23:16, 13 հունիս 2019

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՃՈ պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկել է  քրեականացնել իշխանության ներկայացուցչի ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու նպատակով գործողություններ կատարելը, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցչին հրապարակայնորեն վիրավորելը` կապված նրա ծառայողական պարտականությունների կատարման հետ: Այս պահին Արմեն Խաչատրյանը  օրենքի նախագիծը հետ է կանչել։ Պատգամավորը լրատվամիջոցների հետ զրույցում նշել է՝  և քննարկումներ է սկսել տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ, ապա հույս է  հայտնել, որ այս նախագիծն ի վերջո օրենք դառալու է։ Հիշեցնենք՝ նախագծով առաջարկվում է իրավական ապահովության երաշխիքներ սահմանել իշխանության բոլոր ներկայացուցիչների համար: «Իշխանության ներկայացուցչին վիրավորելը ուղղված է ոչ միայն եւ ոչ այնքան նրա պատվի եւ արժանապատվության, որքան` կառավարման կարգի ապահովմանն ուղղված հասարակական հարաբերությունների դեմ: Համանման տրամաբանությամբ քրեականացված են դատարանի հանդեպ անհարգալից վերաբերնունքը (հոդված 343), դատավորին, դատախազին, քննիչին, հետաքննություն կատարող անձին կամ դատական ակտերի հարկադիր կատարողին զրպարտելը (հոդված 344)»,–նշված է նախագծի հիմնավորման մեջ: Նախագծով առաջարկվում է, որ իշխանության ներկայացուցչին հրապարակային վիրավորելը, որը  կապված  կլինի նրա կողմից՝ իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ` պատժվի տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով: Նախագծով առաջարկվում է նաև, որ իշխանության ներկայացուցչի ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու նպատակով գործողություններ կատարելը, եթե բացակայում են քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)`պատժվի տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով առավելագույնը երկու ամիս ժամկետով: Ստացվում է՝  նախագծով առաջարկվում է իրավական ապահովության երաշխիքներ սահմանել ոչ միայն ոստիկանության ծառայողների, այլև իշխանության բոլոր ներկայացուցիչների համար: Հիշեցնենք՝ այս նախագծի հետ կապված՝ իր կարծիքն է արտահայտել նաև Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ՝ շեշտելով․ «Այս օրինագիծը կարող է այնպիսի վնասներ հասցնել, որ ասենք, ցանկացած քննադատություն իշխանության ներկայացուցչի հասցեին կարող է ընկալվել որպես վիրավորանք, եւ քրեական պատասխանատվության ենթարկելու փորձ կիրառվի»: Իրավապաշտպան Ժաննա Ալեքսնայնը,  irakanum.am-ի հետ զրույցում  անդրադառնալով վերոնշյալ  նախագծին՝  նշեց․ «Ես դեմ եմ  վիրավորանքը քրեականացնելուն, որովհետև մի քանի տարի առաջ էր, որ ապաքրեականացրին վիրավորանքն ու զրպարտությունը, հիմա նորից հետ գնալը ու քրեականացնելը ես չեմ ընդունում»։ Հիշեցնենք՝ վերոնշյալ օրինագծով առաջարկվում է քրեականացնել իշխանության ներկայացուցչի ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու նպատակով գործողություններ կատարելը։ Իրավապաշտպանը նշեց՝  գործողություններ կատարելու հետ կապված՝ որոշակի վտանգներ  տեսնում է,  քանի որ կարող են լինել վտանգ պարունակող գործողություններ, այդ թվում՝ բռնություն։ «Ես ընդհանրապես կոչ կանեի, որ իշխանություններն ավելի հանդուրժող լինեին հրապարակումների, լրատվամիջոցների  նկատմամբ։   Նրանք, ովքեր զբաղեցնում են այդ պաշտոնները,   պարտավոր   են հանդուրժող լինել, և ամեն  ինչի համար պետք չէ վիրավորվել ու  դատարան դիմել կամ հետապնդում սկսել։ Մեր երկիրը փոխվում է, գնում   է ժողովրդավարացան ճանապարհով․ իշխանության ներկայացուցիչները  պետք է հանդուրժող  լինեն և մթնոլորտը փոխեն, պետք է աշխատեն  այդ ուղղությամբ և ոչ թե վիրավորանքը քրեականացնող նախագծեր  մշակեն», - եզրափակեց իրավապաշտպանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր