ՀՀ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ, 63 կողմ, 26 դեմ ձայներով ընդունեց «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» եւ կից ներկայացված օրենքների փաթեթը 63 կողմ, 26 դեմ քվեարկությամբ:
Քվեարկությունից առաջ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ անընդունելի պրակտիկա է, երբ առաջին ընթերցումից հետո երկրորդ ընթերցման ժամանակ ներկայացված փաթեթի մեջ ներառվում է նոր նախագիծ, որը կապ չունի փաթեթի հետ: «Ստացվում է, որ այն խմբակցությունները, որոնք առաջարկներ չէին արել առաջին ընթերցման ժամանակ, երկրորդ ընթերցման ժամանակ չեն կարող անգամ հարցեր տալ: Սա լուրջ խնդիր է, եկեք ԱԺ կանոնակարգը վերանայենք, որովհետեւ այն ոչ մի կապ չունի ժողովրդավարության հետ: Հիմա այս փաթեթում ընդունեցինք «Երեւանի մասին» օրենքի փոփոխությունները, որը երեկ է մտել նախագծի մեջ, որի մասին խմբակցությունները տեղյակ չեն»,-ասաց նա:
Նշենք, որ ըստ այս օրինագծի, կառավարությունը կազմված է վարչապետից, առաջին փոխվարչապետից, 2 փոխվարչապետներից եւ 17 նախարարներից (ներկայումս այդ թիվը 18 է):