00:00:00

«Շիրակ հայրենակցական միավորում» ՀԿ-ի հայտարարությունը ՇՊՀ-ում ստեղծված իրավիճակի մասին

14:35, 23 մարտ 2018

<<Շիրակ հայրենակցական միավորում>> ՀԿ-ի վարչությունը ողջույնով ընդունեց Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը Շիրակի պետական համալսարանի վերակազմավորման իրողությունը: Սակայն գրեթե անմիջապես համալսարանում ծայր առան իրադարձություններ, որոնք մտահոգիչ էին ոչ միայն մարզի, այլև հանրապետության ակադեմիական լայն շրջանակների, հատկապես բուհի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի համար: Բնականաբար ՀԿ-ի Պատվավոր ավագների խորհուրդը և վարչությունը չէին կարող անտարբեր մնալ բուհի բարոյահոգեբանական նորմալ մթնոլորտը խաթարող գործընթացների նկատմամբ, երբ այդ ամենը վերաբերում է 83-ամյա կրթօջախին, և, որ հայրենակցականի անդամների և վարչության կազմի մի ստվար խումբ տասնամյակներ շարունակ բարի ավանդույթներ ձևավորած, հարազատ բուհի շրջանավարտներն են: Ձեռնպահ մնալով մանրամասների և հակասության մեջ գտնվող երկու կողմերի բերած փաստարկների մեջ խորանալուց՝ հայրենակցականի վարչությունը խիստ մտահոգված է ստեղծված իրավիճակից, որը բացասաբար է անդրադառնում բուհի հեղինակության, ուսանողների և դասախոսների բարոյահոգեբանական վիճակի և ուսումնական գործընթացի վրա: Սոցցանցերում ամիսներ շարունակ անդադար հրապարակումները, երկու ընդդիմախոս դասախոսներին սատարող դասադուլներն ու ստորահավաքները, ամբիոնի վարիչ գիտնականի հացադուլը տեղիք են տալիս եզրակացնելու, որ բուհի դասախոսներ Հովհաննես Խորիկյանի և Գագիկ Համբարյանի աշխատանքից ազատելու ծայրահեղ քայլը ոչ միանշանակ ճիշտ է համարվել: Այդ որոշումը անօրինական են համարում բուհի դասախոսների և ուսանողների որոշակի մի խումբ՝ հանձինս ուսխորհրդի նախագահ Արմեն Մելքոնյանի, ԵՊՀ-ի մի շարք դասախոսներ, բուհի սովորող և ավարտած ուսանողներից, կրթության ոլորտի փորձագետներ, և բոլոր հրապարակումները շեշտադրում են, որ հմուտ և գիտակ մասնագետները, որոնք նաև սիրված են ուսանողների և դասախոս գործընկերների մեծաթիվ խմբի կողմից, ազատվել են պարզապես այլակարծություն դրսևորելու համար, որը անհանդուրժելի է և պահանջում են արդարության վերականգնում: Հարազատ քաղաքում ապրող, առանց այն էլ գործազրկությամբ տառապող գյումրեցիների համար աշխատանք կորցնելը մեծ հարված է և հղի է հայրենի քաղաքը ստիպված լքելու անդառնալի հետևանքով, ուստի ազատման հրաման տվող գործատուն նախևառաջ պարտավոր է գիտակցել, որ գյումրեցու ճակատագրի հետ է խաղում: Այսօրինակ գործողությունները և բուհում տիրող մթնոլորտը կանխում են նաև դիմորդների հոսքը դեպի ՇՊՀ, որտեղ արդեն առկա են ուսանողական թափուր մեծաքանակ տեղեր, մի բան, որը ոչ միայն բուհի ղեկավարության, այլև հասարակության հիմնախնդիր է: Ակնկալում ենք ՀՀ կրթության և գիտության նախարարության, ինչպես նաև մարտի 24-ին կայանալիք գիտխորհրդի և հոգաբարձուների խորհրդի համատեղ ընդլայնված նիստի անաչառ վերաբերմունքը հասարակական լայն հնչողություն ստացած խնդրին ճշմարտացի լուծում տալու համար: <<Շիրակ հայրենակցական միավորում>> ՀԿ-ի Պատվավոր ավագների խորհուրդ <<Շիրակ հայրենակցական միավորում>> ՀԿ-ի վարչություն 23.03.2018թ.

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր