00:00:00

Արարատ Միրզոյանը Լեհաստանի Սեյմի մարշալեկի հետ քննարկել է խորհրդարանական համագործակցությունը

02:25, 05 հունիս 2019

Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի պետությունների խորհրդարանների նախագահների 4-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Վարշավայում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունիսի 4-ին հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի մարշալեկ Մարեկ Կուխչինսկու հետ: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ու Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը: Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է գործընկերոջը եվրոպական ընտրություններում իր կուսակցության արձանագրած արդյունքների համար, ինչպես նաև հաջողություն մաղթել հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում: Արարատ Միրզոյանը կարևորել է Լեհաստանի հետ երկկողմ հարաբերությունների խորացումը՝ հիմնված երկու ժողովուրդների միջև դարերից եկող բարեկամության, փոխադարձ վստահության, ինչպես նաև ընդհանուր արժեքների վրա: «Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Լեհաստանը համարվում է Եվրոպայում Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը»,- նշել է Ազգային ժողովի նախագահ Միրզոյանը: Օրենսդիր մարմնի ղեկավարը կարծիք է հայտնել, որ խորհրդարանական ձևաչափով համագործակցությունն էական նշանակություն ունի հայ-լեհական միջպետական հարաբերությունների օրակարգը հարստացնելու և առկա բարեկամական կապերը խորացնելու գործում: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը կարևորել է նաև երկու խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովների գործունեությունը: Ազգային ժողովի նախագահն արժևորել է խորհրդարանական պատվիրակությունների համագործակցությունը միջազգային կառույցների շրջանակներում, ինչպես նաև երկու երկրների համար կենսական նշանակություն ունեցող հարցերի շուրջ հավասարակշռված դիրքորոշումը: Արարատ Միրզոյանը գործընկերոջը ներկայացրել է 7-րդ գումարման Ազգային ժողովում Հայաստան-Լեհաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին: Մեծապես կարևորելով Հայաստանի և Լեհաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների համատեղ նիստերը՝ Ազգային ժողովի նախագահը հույս է հայտնել, որ այն կծառայի որպես գործուն ձևաչափ և հնարավորություն կտա անմիջական մթնոլորտ հաստատելու մտքերի փոխանակման և համատեղ ծրագրերի քննարկման ու իրագործման համար: Սեյմի մարշալեկ Մարեկ Կուխչինսկին իր հերթին շնորհավորել է Արարատ Միրոյանին Ազգային ժողովի ընտրությունների և ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ: «Մենք ջերմ զգացումով էինք հետևում Հայաստանում թավշյա հեղափոխության միջոցով ժողովրդավարացման անցնելու գործընթացին»,- շեշտել է մարշալեկ Կուխչինսկին: Անդրադառնալով խորհրդարանական համագործակցությանը՝ Մարեկ Կուխչինսկին ներկայացրել է Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար Թադեուշ Վոժնյակին և նշել, որ խումբը լուրջ աշխատանք է կատարում հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Մարշալեկը բարձր է գնահատել հայ համայնքի դերակատարությունը Լեհաստանի կյանքում: Ի պատասխան Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել հայ համայնքի նկատմամբ իշխանությունների ցուցաբերած հատուկ դրական վերաբերմունքի և որդեգրած քաղաքականության համար: Խորհրդարանի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Լեհաստանի խորհրդարանին՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու համար՝ նշելով, որ փաստաթղթի լիակատար իրագործումը Հայաստանի օրակարգային առաջնահերթություններից է: Հանդիպման ավարտին կողմերը շարունակական, առավել ակտիվ համագործակցության և նորանոր ծրագրերի իրականացման պատրաստակամություն են հայտնել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր