Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ երեքշաբթի վարչապետի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ ներկայացվել է, թե ինչ աշխատանքներ են իրականացվել գարնանը նախապատրաստվելու համար: «Դա ջրանցքների վերականգնում, ջրանցնքների մաքրում, ներկայացվեց ջրամբարների լցվածության վերաբերյալ տեղեկատվություն, ներկայացվեց, թե ինչ աշխատանքներ պետք է արվեն, որպեսզի կարողանանք փոքր-ինչ մեղմել ջրամբարների լցվածությունը: Դա նոր խորքային հորերի հորատումն ու վերականգնումն է ու շարժական պոմպերի տեղեկայումը»,-ասաց նա:
Վարչապետն այսօրվա նիստում հանձնարարեց սեղմ ժամկետներում դա ավարտին հասցնել:
Արսեն Հարությունյանը հավելեց, որ այսօրվա դրությամբ մեր ջրամբարները լցված են 39 տոկոսով, ինչը 2017 թվականի համեմատ 47.3 տոկոս, իսկ 2016-ին՝ 58 տոկոս, այսինքն՝ 19 տոկոսով ավելի պակաս ջուր կա, քան ցանկալի էր, որ լիներ: «Մտահոգություն ունենք, դրա համար էլ միջոցներ ենք ձեռնարկում, որ ոռոգման սեզոնին մտահոգությունները հնարավորինս փարատենք»:
Նա նկատեց, որ եթե այս տեմպով շարունակվի, ստիպված կլինեն դիմել Ազգային ժողով Սևանից հավելյալ ջրառ իրականացնելու թույլտվության համար: «Այս պահին ըստ հիդրոմետի՝ սպասվում է անձրևաշատ ամիս, բայց եթե այս տեմպով շարունակվի, ուզած, թե չուզած պիտի այդ գործիքը կիրառենք»,-բացատրեց Արսեն Հարությունյանը:
Ի դեպ, նա տեղեկացրեց, որ մոտ 200 միլիոն դրամ գումար կծախսվի պահուստային ֆոնդից, որպեսզի կարողանան ձեռք բերել 20 շարժական պոմպակայաններ, որը հնարավորություն կտա լճակներից, առուներից ջուրը մղել դեպի հողօգտագործողների հողերը: Նրա խոսքով՝ ոռոգման առումով ամենառիսկայինը Արմավիրի ու Արագածոտնի մարզերի այն հատվածներն են, որոնք օգտվում են Ախուրյանի ջրամբարից: