00:00:00

«Իմ քայլը» խմբակցությունը դեռ որոշում չի կայացրել՝ ԱԺ արտահերթ նիստի հետ կապված

22:14, 21 մայիս 2019

Ինչպես հայտնի է, Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ստորագրահավաք նախաձեռնել է ԱԺ արտահերթ նիստ՝ քննարկելու երեկ՝ քաղաքացիների կողմից դատական դատարանների ելքերն ու մուտքերը փակելու գործողությունները և դատական համակարգում առկա խնդիրները և դրանց լուծման ճանապարհները։ Irakanum.am-ի հետ զրույցում ԱԺ ԼՀ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նշեց՝ իրենց խմբակցությունն առաջարկել էր, որ նիստը վաղը լինի, բայց ԱԺ նախագահությունից դեռևս պատասխան չեն ստացել․ պատասխան ստանալու համար 5-օրյա ժամկետ կա։ «Արտահերթ նիստի համար հավաքվել են բավարար ստորագրություններ՝ 36 ստորագրություն՝ 18-ական ստորագրություն «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններից։ Արտահերթ նիստ գումարելու նպատակենրը երկուսն են՝ քննարկել տեղի ունեցած գործողությունները (նկատի ունի քաղաքացիների՝ դատարանների ելքերը և մուտքերը փակելու գործողությունները - հեղ․) և քննարկում ծավալել վարչապետի հայտարարած դատական բարեփոխումների, դատական համակարգի առողջացման և անցումային արդարադատության, վեթինգի վերաբերյալ»,- նշեց Անի Սամսոնյանը։ Վերջինս շեշտեց՝ մինչև դատարաների մուտքերն ու ելքերը փակելը ԼՀԿ-ն նախապես հայտարարություն էր տարածել՝ վարչապետին կոչ անելով զերծ մնալ նման գործողություններից ու գործել միայն օրենքի շրջանակում։ Անի Սամսոնյանի խոսքով՝ կատարվածը կարող է վատ նախադեպ դառնալ․ ի վերջո, Սահմանադրությունը հստակ սահմանում է իշխանության ճյուղերի տարանջատման սկզբունքը և պետական մարմինների լիազորության շրջանակը։ «Սահմանադրությամբ հստակ նշվում է՝ ինչ կարող է անել գործադիրը, օրենսդիրը, դատական համակարգը, և որևէ կետ դուք Սահմանադրությունում չեք գտնի, որ գործադիրը կարող է միջամտել դատական համակարգի աշխատանքին», - ընդգծեց պատգամավոր Անի Սամսոնյանը։ Հարցին՝ ԱԺ արտահերթ նիստում այս թեման քննարկելը որքանո՞վ արդյունավետ կլինի և արդյո՞ք իշխող խմբակցությունը չի բոյկոտի նիստը,ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանը պատասխանեց՝ ցանկացած հարցի քննարկում իր համար ընդունելի է, քանի որ բոլոր հարցերի լուծումները, ըստ էության, գտնվում են քննարկման ընթացքում։ «Ցանկացած հարցով քննարկում կազմակերպելը միշտ ողջամիտ լուծում է, բայց թե կլինի կոնկրետ այս քննարկումը և երբ կլինի, հիմա չեմ կարող ասել, որովհետև դա արդեն խմբակցության որոշելու խնդիրն է, խմբակցություննն այս պահին դեռ որոշում չունի՝ ինչպես վարվել, և ոչ մի տարբերակը բացառված չէ», - եզրափակեց պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր