2016-ի օգոստոսին գուցե քչերի համար էր ակնհայտ, սակայն այս գաղտնալսումները բացահայտում են, որ «Սասնա ծռեր»-ի գործողությունների թիրախը ոչ միայն իշխանություններն են, այլ քաղաքականությունն առհասարակ: Զինված խմբի անդամները նույն լեքսիկոնով, բառամթերքով խոսում են` ինչպես «ատելի» իշխանության, այնպես էլ` «փափկասուն» ընդդիմության մասին: Որտեղ հնչում են կրակոցներ, վերանում է քաղաքականության եւ ահաբեկչության սահմանը` այնտեղ բացարձակ անհանդուրժողականություն է այլ կարծիքի, դիրքորոշման հանդեպ: Եթե ՊՊԾ գնդի գրավումն ավարտվեր իշխանության տապալմամբ, ապա Հայաստանում որակական որեւէ փոփոխություն չէր լինելու. քրեաօլիգարխիային փոխարինելու էր ռազմական խունտան, որը դարձյալ առաջնորդվելու էր ոչ թե օրենքի, այլ միայն իրեն հասու «ճշմարտության» թելադրանքով:
Այս իրողությունների, այսօր հրապարակված հեռախոսային գաղտնալսումների համատեքստում խիստ ուշագրավ է այն հանգամանքը, որ այս օրերին «Սասնա ծռեր»-ի համակիրներն ու Նիկոլ Փաշինյանը նույն հարթակում կարող են պայքարել Սերժ Սարգսյանի իշխանավարության դեմ: Իհարկե, Հայաստանի նորագույն պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ փոխադարձ մեղադրանքներ հնչեցրած քաղաքական ուժերը հետագայում դարձել են դաշնակիցներ` գոնե տակտիկական առումով, կոնկրետ խնդիր սպասարկելու նպատակով: Սակայն այս դեպքում, մենք գործ ունենք որակապես այլ իրավիճակի, հանգամանքների հետ, որովհետեւ խոսքը վերաբերում է ոչ թե քաղաքական մարտավարական հակասություններին, այլ` գլոբալ հարցադրման. քաղաքականությունն ընդունել-չընդունելու երկընտրանքին: Սերժ Սարգսյանի վարչապետության հեռանկարի դեմ պայքարում են «Հանուն Հայաստան պետության» ճակատն ու Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն, որոնց ընդհանուր կարգախոսն անխուսափելիորեն նրանց դաշնակիցներ է դարձնելու Ազատության հրապարակի հարթակում` նույնիսկ անկախ այն հանգամանքից, որ Փաշինյանը սկզբունքորեն մերժում է բռնությունը: «Սերժ, հեռացիր» կարգախոսով Ազատության հրապարակ վերադարձը ՔՊ-ին անխուսափելիորեն տանելու է միջավայր, որտեղ եղանակ են ստեղծում «գանգ փշրողները»: Պատմության փորձը ցույց է տվել, որ ատելության միջավայրում միավորված ագրեսիվ լյումպենի համար քաղաքականություն եւ իշխանություն հասկացությունները շատ հաճախ նույնանում են, եւ նրանք պատրաստ են «փշրել» ցանկացած մարդու գանգը, եթե նույնիսկ նա ելույթ է ունենում Ազատության հրապարակում` ձեռնպահ մնալով հայհոյանքներից, բռնության կոչերից: Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունը, քաղաքական շարժումը դատապարտված է, եթե նա անգամ տեսականորեն չի բացառում դաշինքը «գանգ փշրողների» հետ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում