00:00:00

Արարատ Միրզոյանն ու Չեխիայի դեսպանը կարևորել են ԼՂ հիմնախնդրի բացառապես խաղաղ ճանապարհով լուծումը

23:27, 06 մայիս 2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 6-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի փոխնախագահ Միլան Շտեխի գլխավորած պատվիրակությանը, որում ընդգրկված են Գյուղական տարածքային զարգացման հանձնաժողովի անդամներ: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից: «Չեխիան Եվրամիությունում Հայաստանի ամենակարևոր գործընկերներից մեկն է»,-ողջունելով հյուրերին` նշել է Արարատ Միրզոյանը` հավելելով, որ հայկական կողմը տրամադրված է առավել զարգացնել եղած սերտ հարաբերությունները: Այս համատեքստում ԱԺ նախագահը կարևորել է խորհրդարանական դիվանագիտության, երկկողմ միջխորհրդարանական կապերի դերը` շնորհակալություն հայտնելով  Միլան Շտեխին այս գործում ունեցած զգալի ավանդի համար: Նրա խոսքով` ապագայում ևս ակնկալվում է ակտիվ համագործակցութուն թե՛ միջխորհրդարանական, հատկապես պատգամավորական բարեկամական խմբերի, թե՛ միջազգային  կառույցների հարթակներում: Արժևորելով Չեխիայի խորհրդարանի կողմից Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը` օրենսդիր մարմնի ղեկավարն ընդգծել է, որ Եվրամիության հետ համագործակցությունը բոլոր ուղղություններով Հայաստանի քաղաքական առաջնահերթություններից է: Ըստ նրա` ակնկալվում է բոլոր շահագրգիռ կողմերի ակտիվ աջակցությունը նաև Համաձայնագրի իրականացման գործում: Հյուրերի խնդրանքով Արարատ Միրզոյանը ներկայացրել է այն գործընթացներն ու զարգացումները, որոնք տեղի են ունեցել թավշյա հեղափոխության շրջանում և դրան հաջորդած ժամանակահատվածում, անդրադարձել ժողովրդավարության ամրապնդմանը, տնտեսության զարգացմանը, դատական և ընտրական համակարգի բարեփոխումներին ուղղված քայլերին: Խոսելով Հայաստանի համար զգայուն հարցերից` խորհրդարանի ղեկավարն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով, ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահության ձևաչափում լուծելու հայկական կողմի հանձնառությունը` կարևորելով նաև արտաքին հանրության աջակցությունը միջազգային մանդատ ունեցող այս միակ կառույցի գործունեությանը: Օրենսդիր մարմնի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Չեխիայի Պատգամավորների պալատին` Հայոց ցեղասպանությունը դատապարտող որոշման ընդունման համար` հույս հայտնելով, որ առաջիկայում այն կընդունվի նաև Սենատի կողմից: «Ես վստահ եմ՝ այն, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում, ցեղասպանություն է»,-իր խոսքում նշել է Միլան Շտեխը` հավաստիացնելով, որ ջանքեր է գործադրելու` այդ փաստը Չեխիայի Սենատի կողմից ևս ընդունելու ուղղությամբ: Սենատի փոխնախագահն ընդգծել է, որ իր երկիրը բոլոր մակարդակներում սատարում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերը` հավելելով` ԼՂ հիմախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Կարևորելով միջխորհրդարանական կապերի հետագա ակտիվացումը` չեխ հյուրը ներկայացրել է իրենց պատվիրակության այցի գլխավոր նպատակը` ծանոթանալ Հայաստանի տարածաշրջանների կարողություններին, մայրաքաղաքի և համայնքների տնտեսական հնարավորությունների համաչափ զարգացման ուղղությամբ տարվող քաղաքականությանը, ներդրումներ կատարելու հեռանկարներին: «Առկա են բոլոր հնարավորությունները նոր թափ հաղորդելու հայ չեխական գործակցությանը թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ուղղություններով»,- նշել է Սենատի փոխնախագահը: Կարևորելով համանման այցերը` Միլան Շտեխն Արարատ Միրզոյանին հրավիրել է այցելել Չեխիայի Հանրապետություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր