00:00:00

Մարդ ծեծող ու «կայֆարիկ» պատգամավորները. նորերը՝ հների հետքերով

22:53, 06 մայիս 2019

1in.am-ը գրում է․ Մայիսի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալու ամփոփիչ ասուլիսով, որտեղ կետ առ կետ ներկայացնելու է իր մեկամյա գործունեության արդյունքները։ Սակայն ինչքան մոտենում է հեղափոխության փաստացի հաղթանակի տարեդարձը, այնքան ավելի ակնհայտ է դառնում, որ Հայաստանում ռեստավրացվում են հին համակարգի արժեհամակարգն ու բարքերը, ընդ որում՝ ինչպես գլոբալ, այնպես էլ լոկալ մակարդակներում։ Երբ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում չեղարկել սուպերվարչապետական համակարգը, ակնհայտ է, որ պահպանվում են ավտորիտարիզմի ռեստավրացիայի ռիսկերը՝ անկախ վարչապետի հրապարակային հայտարարություններից։ Մեծ հաշվով՝ «ասֆալտին պառկեցնելուց» մինչև ընդդիմության նկատմամբ բռնությունները կես քայլ են, եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ Փաշինյանն ավտորիտար առաջնորդների ոճով ընդդիմությանը մեղադրում է ահաբեկչությունը խրախուսելու մեջ։ Նոր Հայաստանի բովանդակությունը մսխվում է նաև, այսպես կոչված, վիճակագրական աճպարարության կամ մանիպուլյացիայի հետևանքով, երբ Նիկոլ Փաշինյանն ըստ էության շարունակում է Հանրապետական վարչապետների «ավանդույթները»՝ ներկայացնելով թվեր, որոնք որևէ աղերս չունեն իրականության, իրական կյանքի հետ։ Սակայն պակաս կարևոր չէ այն հանգամանքը, որ խորհրդարանական մեծամասնությունը՝ իր որակով ու վարքագծով, կրկնում է Հանրապետական մեծամասնությանը։ Նման համատեքստում բացարձակապես զարմանալի չէ, որ «քայլող» պատգամավորները հայտնվում են նույնանման սկանդալների մեջ, որոնց «սիրահարներն» էին ՀՀԿ անդամ օլիգարխները։ Քաղաքացի Սերգեյ Մխիթարյանը ոստիկանությանը հաղորդում է տվել այն մասին, որ երեկ ծեծի է ենթարկվել ըմբիշներ՝ հայր և որդի Լևոն ու Արսեն Ջուլֆալակյանների կողմից։ Վերջինս նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է։ Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը հերքում է, որ ինքն ու իր հայրն առնչություն ունեն Երևանի ստորգետնյա ավտոկայաններից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքի հետ, որի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 63-ամյա Սերգեյ Մխիթարյանը: Ջուլֆալակյանը տեղեկացրել է, որ Սերգեյ Մխիթարյանն իրենց սրճարանի սեփականատերն է: «…Սերգեյ Մխիթարյանը մեզ հետ միասին սրճարանի համասեփականատերն է, և երեկ հանդիպել էինք գործնական հարցերի քննարկման համար, որն անցել է սովորականից մի փոքր լարված մթնոլորտում։ Զրույցի ընթացքում վատ է իրեն զգացել (ավելի ուշ բուժքույրն ասաց՝ ճնշումը բարձրացել էր), կանչել ենք շտապօգնություն և տեղափոխել հիվանդանոց»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արսեն Ջուլֆալակյանը: Երբ ընթերցում ես Ջուլֆալակյանի հերքումը, ակամայից հիշում ես տխրահռչակ Շմայսին, որը, որպես կանոն, իր հետ կապված սկանդալային ցանկացած պատմությունից հետո արտասանում էր մոտավորապես այսպիսի ստանդարտ տեքստ։ Հիմա հարցը սկզբունքային է՝ արդյոք խորհրդարանական մեծամասնությունը հետամուտ կլինի՞, որպեսզի իր պատգամավորներից մեկի նկատմամբ տեղի ունենա օբյեկտիվ քննություն, ու նա պատասխան տա իր արարքի համար՝ անկախ այն հանգամանքից, որ Ջուլֆալակյանները կարող են «հայավարի» լեզու գտնել տուժողի հետ, և, դատելով Ջուլֆալակյանի գրառումից, արդեն «բացատրական» աշխատանքները տարվել են։ Օրենքի առաջ բոլորը հավասա՞ր են, թե՞, այնուամենայնիվ, կան ավելի «հավասար» «քայլողներ»։ Մյուս ուշագրավ հանգամանքն էլ այն է, որ փաստորեն պարզվեց՝ «Իմ քայլը» խմբակցությունում նույնպես բիզնեսմեններ կան։ Համենայնդեպս, Ջուլֆալակյանը վեճ է ունեցել իր բիզնես պարտնյորի հետ՝ լինելով պատգամավոր։ Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը Mercedes-AMG GT C Roadster մոդելի ավտոմեքենա է վարել Երևանի փողոցներում։ Վերոնշյալ ավտոմեքենայի շուկայական արժեքը շուրջ 150 հազար դոլար է։ Բնականաբար, պատգամավորը տվել է խիստ «օլիգարխիկ» պարզաբանում. նա ասել է, թե մեքենան պատկանում է ընկերոջը։ Ի դեպ, այս պատգամավորի այլ ընկերներ լրիվ «պատահաբար» շահում են կառավարության անցկացրած գրեթե բոլոր միջոցառումների կազմակերպման մրցույթները։ Կրկնում եմ՝ թանկ մեքենան ու շահած մրցույթները «պատահականություն» են։ Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր