00:00:00

Աննա Հակոբյանը ներկա է գտնվել «Ուրվական» միջազգային փառատոնի երաժշտական ծրագրին

18:12, 06 մայիս 2019

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և  «City of smile  ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 5-ի երեկոյան այցելել է Երևանի Մանկական երկաթուղի և ներկա է գտնվել ժամանակակից երաժշտության «Ուրվական» միջազգային փառատոնի երաժշտական ծրագրին: «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի և «Ուրվական» փառատոնի համակազմակերպիչ Համլետ Մովսիսյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը շրջել է Մանկական երկաթուղու տարածքում գործող երաժշտական տաղավարներով, շփվել փառատոնի մասնակիցների և հյուրերի հետ: «Ուրվականը» Հայաստանում առաջին անգամ անցկացվող ժամանակակից երաժշտության, արվեստի և քաղաքաշինության միջազգային փառատոն է, որն անցկացվում է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ և  աջակցությամբ։ Համերգների, ակումբային միջոցառումների, արտիստական միջամտությունների, ցուցահանդեսների և ինստալիացիաների, ինչպես նաև մասնագիտական քննարկման միջոցով փառատոնը ստեղծում է համապատասխան միջավայր մտորելու երաժշտության ընկալման, դրա հասարակական կարևորության, քաղաքային միջավայրի և այն պայմանների մասին, որոնցում ձևավորվում են արդի մշակութային շարժումները: Փառատոնի անվան ընտրությունը կապված է վերջինիս հիմնական նպատակներից մեկի հետ՝ վերակենդանացնել քաղաքային լքված տարածքները և նոր շունչ հաղորդել դրանց։ Հենց այդ նպատակով, մինչ փառատոնի անցկացումը, մաքրվել է Երևանի Մանկական երկաթուղու տարածքը, տեղադրվել են բազմաթիվ աղբամաններ: Փառատոնը մեկնարկել է մայիսի 3-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ հանրային լքված տարածքների և դրանով պայմանավորված քաղաքացիների վարքի վերաբերյալ կլոր-սեղան քննարկմամբ։ Քննարկումը վարել են ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի և Ուրբանլաբի ներկայացուցիչները: Քաղաքաշինության փորձագետները և ճարտարապետները քննարկել են զարգացման նոր ռազմավարությունները և միջամտությունները: Փառատոնի երաժշտական ծրագրին մասնակցել են ավելի քան 80 արվեստագետներ աշխարհի 22 երկրներից: Նրանք ներկայացրել են հնչյունային արվեստի, ժամանակակից էլեկտրոնային, գործիքային և ակումբային երաժշտության ժամանակակից միտումները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր