Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը հստակեցնում է Մոսկվա-Մուրմանսկ չվերթ կատարող այրված օդանավում ՀՀ քաղաքացիների եւ հայերի առկայության մասին տեղեկությունը:
Մոսկվա-Մուրմանսկ չվերթ կատարող այրված օդանավում հայեր չեն եղել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՌԴ-ում Հայաստանի դեսպանատնից:
«Դեսպանատան ճշտած տվյալներով՝ օդանավի ուղեւորների թվում հայեր չեն եղել»,- նշեցին դեսպանատնից:
Հիշեցնենք, որ կիրակի երեկոյան Մոսկվա-Մուրմանսկ չվերթ կատարող Sukhoi Superjet 100 օդանավում տեղի էր ունեցել վթար: Թռիչքից 28 րոպե անց անձնակազմը շտապ «Շերեմետեւո» էր վերադարձել:
Վատ եղանակային պայմանների պատճառով օդաչուներն ինքնաթիռը կարողացել էին նստեցնել միայն երկրորդ փորձից։ Վայրէջքի ժամանակ կոտրվել էին օդանավի կանգնակները եւ հրդեհվել շարժիչները։ Այնուհետեւ կրակը տարածվել էր օդանավի պոչամասում:
Վերջին տեղեկություններով՝ օդանավում եղել է 78 մարդ, որոնցից 41-ը զոհվել է:
Մուրմասկի նահանգապետի պաշտոնակատար Անդրեյ Չիբիսը մարզում եռօրյա սուգ է հայտարարել: Մարզի զոհված բնակիչների ընտանիքները կստանան մեկական միլիոն ռուբլի, մի շարք տուժածներ՝ 500-ական հազար:
Ողբերգությունից հետո ՔԿ-ն քրեական գործ է հարուցել, իսկ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հանձնարարել է ստեղծել ԱԴ քննության պետական հանձնաժողով: «Ռոստրանսնադզորը», իր հերթին, արտահերթ ստուգումներ կացկացնի «Աէրոֆլոտում», «Շերմետեւոյում» եւ օդային հաղորդակցության կազմակերպման պետական կորպորացիայում: