00:00:00

«Եթե Քոչարյանն ուզում է  ջրից չոր դուրս գալ, դա իրեն չի հաջողվելու․  հանցագործությունը   աչքերից է երևում»

02:17, 05 մայիս 2019 Հասարակություն

  Ինչպես հայտնել ենք, երեկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում հետաձգվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եկամուտների և գույքի վրա դրված կալանքի վերացման՝ պաշտպանների միջնորդության քննությունը: Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանն ասաց, որ հաջորդ նիստը կկայանա 2019 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 16:00-ին: Մարտի 1-ի զոհերից  Սամվել Հարությունյանի հայրը՝ Էդիկ Հարությունյանը,   irakanum.am-ի հետ զրույցում նշեց՝   հետևում է Քոչարյանի հետ կապված՝ դատական  նիստերի ընթացքին․ թավշյա հեղափոխությունից հետո հույս ունի, որ Մարտի 1-ի գործը կբացահայտվի ու մեղավորները կպատժվեն։ «Մենք 11 տարի է, դրան ենք սպասել, սպասում ենք որ այդ գործը պետք է բացահայտվի, որովհետև անմեղ արյունը երբեք չի կարող կորչել», - նշեց Սամվել Հարությունյանը։ Խոսելով Ռոբերտ Քոչարյանի ու նրա փաստաբանների հայտարարությունների մասին,  թե պատրաստ են նույնիսկ ՄԻԵԴ դիմել, որեսզի ապացուցեն Քոչարյանի անմեղությունը,  Սամվել Հարությունյանը նշեց․ «Եթե  փաստաբանները արյունոտ փողեր են վերցնում, չե՞ն մտածում, որ դրանք արյունոտ փողեր են, Մարտի 1-ի զոհվածների արյունը կա․․․ Հնարավոր չէ, որ  գերագույն գլխավոր հրամանատարը ոչնչից տեղյակ չլիներ, ոչինչ չիմանար ու ինքն էլ հրաման չտար։ Մենք այն ժամանակ՝ փետրվարի 23-ին տեսել ենք՝ ոնց էր ինքը կանչում ուժային կառույցներին իր մոտ․․․ միանշանակ, այդ ամենը տեսել ենք, այնպես որ,  եթե մեկը ուզում է  ջրից չոր դուրս գալ, դա իրեն չի հաջողվելու, հանցագործությունը   աչքերից է երևում», - նշեց Սամվել Հարությունյանը՝ հույս հայտնելով, որ  դատաիրավական համակարգում դրական փոփոխություններ, առաջընթաց կլինի։ Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով՝ սահմանադրական կարգը տապալելու և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` և խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։  300.1-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է ազատազրկում 10-15 տարի, իսկ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ 7-12 տարի ազատազրկում։ Սամվել Հարությունյանը նշեց՝  անմեղ մարդկանց արյունը թափած մարդն արժանի է այդ պատժին։ «Մեր երեխաները արժանի՞ էին, որ զոհվեցին, մարդիկ արժանի՞ էին  նրան, որ դառնան հաշմանդամ, հալածվեն, փախուստի դիմեն Հայաստանից․․․ Այսքան բան արած մարդն արժանի է այդ պատժին, դա դեռ մի բան էլ քիչ է, լավագույնն է իր համար, հավատացնում եմ Ձեզ», -  ասաց Մարտի 1-ի զոհերից  Սամվել Հարությունյանի հայրը՝ Էդիկ Հարությունյանը։ «Ես ինքս էլ թավշյա հեղափոխության ակտիվ մասնակից եմ եղել, եթե դատաիրավական համակարգում փոփոխություն չլինի, լավ բան չի ստացվի։ Այնտեղ խելոք մարդիկ են նստած։ Այսօրվա Կառավարությունը՝ ի դեմս պարոն վարչապետի, հույս ունեմ, ամեն ինչ կանի, որ իշխանափոխություն լինի, որովհետև մենք հեղափոխություն արել ենք, բայց իշխանափոխություն՝ դեռ ոչ», - նշեց Սամվել Հարությունյանը։ Մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանի հայրը՝ Հովսեփ Խաչատրյանն էլ  նշեց՝ այսքան տարի սպասել են, որ Մարտի մեկը կբացահայտվի։ «10-15 տարի սպասել ենք,  որ Մարտի 1-ը կբացահայտվի․ ես մեր ընտանիքի անունից եմ խոսում։ Մենք միշտ հուսահատ ենք եղել՝ մտածելով, որ քանի Հայաստանում իշխանափոխություն չի եղել, Մարտի 1-ը չի բացահայտվի։ Քանի որ Փաշինյանն իշխանափոխության եկավ, իրավիճակը փոխվեց։ Մենք միասին  պայքարել ենք նախորդ իշխանությունների դեմ ու հավատում ենք, որ Մարտի 1-ի բացահայտումը կիրականացվի պատշաճ ձևով։ Ինչպես հայտնի է, Լևոն Տեր-Պետրոսյանն այս գործով   եվրադատարան էր դիմել և եվրադատարանն իր  պատասխանում նշել է՝  անհամաչափ   ուժ  է կիրառվել։ Հիմա Քոչարյանի փաստաբանները  վարձատրված մարդիկ են, իրենք ամեն ինչ պիտի անեն, ասեն-խոսեն՝ հօգուտ Քոչարյանի։ Մենք դրա մեջ վատ բան չենք տեսնում», -  ասաց Հովսեփ Խաչատրյանը՝ նշելով Մարտի 1-ը շատ խճճված գործ է, բազմաթիվ փաստեր խեղաթյուրվել են։ «Գործի լիարժեք բացահայտման հետ կապված՝ ոչինչ չեմ կարող ասել, բայց 6 ամիս անց   կամ մեկ տարի անց մնացած բոլոր մարդասպանները ի հայտ կգան, պարզապես այս գործը շատ է խառնած, խճճած։ Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանն ասում էր՝ այդ գործը չի բացահայտվի, քանի որ իրենք լավ գիտեն՝  ինչեր են խճճել, ինչեր  են  արել նախորդ իշխանության ներկայացուցիչները», -  նշեց Հովսեփ Խաչատրյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր